Ծանրամարտի ԵԱ. Պայքարի մեջ են մտնում Լիաննա Գյուրջյանը եւ Տաթեւ Հակոբյանը

13:08 - 12 Ապր, 2019

Վրաստանի Բաթումի քաղաքում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում ապրիլի 12-ին մրցահարթակ դուրս կգան Հայաստանի 2 ներկայացուցիչներ՝ Լիաննա Գյուրջյանը (81 կգ) եւ Տաթեւ Հակոբյանը (87 կգ):

Առաջինը հանդես կգա 17-ամյա Լիաննա Գյուրջյանը: 81 կգ քաշային կարգի A խմբի մրցումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 15:15-ին: Այս քաշային կարգում հայտավորված են ընդամենը 6 մարզուհիներ:

Տաթեւ Հակոբյանը մեդալի համար կպայքարի 87 կգ քաշային կարգում, որի A խմբի մրցումը կսկսվի Երեւանի ժամանակով 18:00-ին:

Հիշեցնենք, որ նախօրեին Հայաստանը 2 մեդալ էր նվաճել երկամարտում:

89 կգ քաշային կարգում Հակոբ Մկրտչյանը նվաճել էր Եվրոպայի չեմպիոնի կոչումը, իսկ Դավիթ Հովհաննիսյանը դարձել էր բրոնզե մեդալակիր: Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից Իզաբելլա Յայլյանը (59 կգ) պոկում վարժությունում նվաճել էր փոքր արծաթե մեդալ եւ 5-րդ տեղը գրավել երկամարտում, Արմեն Գրիգորյանը (73 կգ) 9-րդն էր, իսկ Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ)՝ 8-րդը:

2016թ.Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը (81 կգ) չէր կարողացել քաշ գցել եւ զրկվեց մրցմանը մասնակցելու իրավունքից:

Հայաստանի հավաքականի կազմում Բաթումի են մեկնել նաեւ Արփինե Դալալյանը (+87 կգ), Արսեն Մարտիրոսյանը եւ Սամվել Գասպարյանը (102 կգ), աշխարհի չեմպիոն, օլիմպիական փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանն ու Ռուբեն Ալեքսանյանը (+109 կգ), որոնք հանդես կգան Եվրոպայի առաջնության վերջին օրը՝ ապրիլի 13-ին:

Այլ նորություններ