Լիլիթ Պողոսյանը կմասնակցի բադմինտոնի Եվրոպայի առաջնությանը

14:50 - 03 Մար, 2017

Հայաստանի առաջատար բադմինտոնիստ Լիլիթ Պողոսյանն ապրիլի 25-30-ը կմասնակցի Դանիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: 48 մասնակիցների մեջ նա 46-րդն է: Այս մասին ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նշեց Հայաստանի բադմինտոնի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Հրաչյա Պողոսյանը:

«Լիլիթը լավ մարզավիճակում է: Հույս ունենք հաջող հանդես կգա Եվրոպայի առաջնությունում եւ մի քանի փուլ կհաղթահարի:

Նախորդ ամիս նա հանդես էր եկել Ավստրիայի բաց առաջնությունում, սակայն որակավորման փուլում պարտվել էր: Մեր մեծահասակ մարզիկներից միայն Լիլիթն է մասնակցում միջազգային մրցաշարերի, բացի այդ, ֆինանսը բավականացնում է, որ միայն նրան գործուղենք: Վերջին երկու մրցաշարերի արդյունքում նա բարելավել է իր տեղը վարկանիշային աղյուսակում եւ Եվրոպայում այժմ 140-րդն Է»,- ասաց ֆեդերացիայի գործադիր տնօրենը:

Հրաչյա Պողոսյանը հայտնեց, որ Լիլիթ Պողոսյանն ամենայն հավանականությամբ կմասնակցի Եվրոպայի միջազգային կոնֆեդերացիայի կազմակերպած հավաքին: Մասնակիցների ցուցակը դեռեւս չի հրապարակվել.

«Եվրոպայի միջազգային կոնֆեդերացիան գումար է տրամադրում, որ լավագույն մարզիկները պատրաստվեն իրենց մոտ: Հավանաբար, Եվրոպայի առաջնությունից հետո մեր մարզուհին կմնա Դանիայում եւ կմասնակցի մարզումներին: Հավաքի առաջին փուլին Լիլիթին հրավիրել էին: Կարծում եմ` նա երկրորդին եւս կմասնակցի»,- ասաց Հրաչյա Պողոսյանը:

Լուսանկարը` Եվրոպայի միջազգային կոնֆեդերացիայի

Այլ նորություններ