
ՌԱՖԱՅԵԼ ՀՄԱՅԱԿԻ ՄԵՀՐԱԲՅԱՆ. Նա այսօր դարձավ 90 տարեկան: Որպես մարզիկ, օլիմպիական խաղերի մասնակից չի եղել: Բայց նախախնամության կամքով, Երևանի պատանի բռնցքամարտիկների օլիմպիական հերթափոխի հանրապետական մարզադպրոցում առաջինը հրամանագրված մարզիչն է: Հրամանագիրը ստորագրել է ԽՍՀՄ –ում մարզաձևի առաջին մարզօջախի հիմնադիր տնօրեն, մեզանում օլիմպիական խաղերի միակ ոսկե դափնեկիր, Եվրոպայի եռակի և ԽՍՀՄ բազմակի չեմպիոն, մեծն Վլադիմիր Ենգիբարյանը:
Անթիվ, անհամար հուշեր և հիշողություններ ունի անվանի մասնագետ Ռ. Մեհրաբյանը: Նա պատասխանատու մրցումներում երևի թե հազարից ավելի անգամ մարտավկայի դերում է եղել, անքուն գիշերներ է անցկացրել, մտովի ձևակերպել, տակտիկական պլաններ է նախագծել Խորհրդային Միության և Հայաստանի հանրապետության հավաքականները ներկայացրած մարզիկների մենամարտերի համար: Ապրել է հաղթանակների պարգևած ուրախությունները ու պարտությունների պատճառած դառնությունները:
Դատեցեք ինքներդ. մարդը ավելի քան յոթանասուն տարի ընդգրկված է եղել ՀՀ ազգային հավաքականի մարզչական կազմում և, բացի այդ, շուրջ չորս տասնամյակ ԽՍՀՄ գլխավոր թիմի մարզիչը ՝ Հայաստանում:
Ռաֆայել Մեհրաբյանն ունեցել է նաև տասնյակ անձնական սաներ, որոնք բռնցքամարտի հայրենական դպրոցի պատիվը բարձր են պահել նաև միջազգային ասպարեզներում: Նշենք անվանիներ Սուրեն Ղազարյանին, Դերենիկ Ոսկանյանին, Համլետ Բեգոյանին, Գագիկ Դարբինյանին, Դերենիկ Գաբրիելյանին, Հարություն Ղազանչյանին, Սերյոժա Մխիթարյանին,Վարդան Ներսիսյանին, Մերուժան Սարգսյանին . . . Նրանք շատ են, որ մեկին հիշես:
Աշխատանքի բերումով եղել է մոլորակի բոլոր աշխարհամասերում ու երկրներում: Ամենուրեք աչքի է ընկել նվիրական աշխատանքով, ներդրել է իր մասնագիտական զինանոցում եղած հսկայական գիտելիքներն ու փորձը: Աշխարհում սակավաթիվ այն մարզիչներից է, որ օգնության ձեռք է մեկնել բոլոր նրանց, ովքեր մասնագետի կարիք են զգացել , նեղ վիճակում հայտնված մարզիկներին անհրաժեշտ օգնություն է ցույց տվել, բարեկամական ձեռք մեկնել նրանց: Պատահական չէ, որ հայրենիքից դուրս նա հիրավի մեծ ճանաչում ու հեղինակություն է վայելում:
Որպես մարզիչ ինը օլիմպիական խաղերի է մասնակցել: Վկան է եղել օլիմպիական խաղերում, աշխարհի, Եվրոպայի առաջնություններում հաջողության հասած կաշվե ձեռնոցի ԽՍՀՄ գրեթե բոլոր վարպետների մենամարտերին և, իհարկե, նաև նշած մրցաշարերում մեդալներ նվաճած անկախացած մեր հայրենիքի պատվիրակների հաղթանակներին:
Բոլորել է Հայաստանում ապրող մեր միակ ԽՍՀՄ վաստակավոր մարզչի կոչումը կրող բազմավաստակ մասնագետի իններորդ տասնամյակը, բայց կեցվածքով ու եռանդով կարծես ընդամենը երկու անգամ 45 տարեկան է, ասել է թե՝ առողջությամբ ու աշխատունակությամբ լիովին պատրաստ է շարունակել սիրելի բռնցքամարտի առաջընթացին:
Այսօր, հունիսի մեկին, անվանի հոբելյարը հրավիրվել էր ՀԱՕԿ, որտեղ պարգևատրվեց Վլադիմիր Ենգիբարյանի անվան մեդալով:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն Ձեզ՝ մարզաշխարհի հարգարժան երախատավոր, հոբելյանի առթիվ մաղթում է քաջառողջություն, հաջողություն կյանքում և աշխատանքում:
Երջանիկ և երկար տարիների կյանք Ձեզ , սիրելի Ռաֆայել Մեհրաբյան: