
Սերբիայի Զրենյանին քաղաքում ավարտվեց Եվրոպայի մինչև 23 տարեկանների ազատ ըմբշամարտի առաջնությունը։
Հայ մարզասերին առավելապես հետաքրքրում էր մրցանակային տեղերի համար պայքարող մեր ըմբիշների մրցելույթները:
Արտաշատցի Լևիկ Միքայելյանը (61 կգ) ոսկե մեդալի համար հանդիպեց ադրբեջանցի Ջեյհուն Ալլահվերդիևի հետ։ Ինչպես մեկ տարի առաջ Տիրանայում էր, այս անգամ նույնպես, վաստակավոր մարզիչ Ռաֆիկ Գոլեցյանի անձնական սանը, նույն մրցակցին հաղթեց նույն ՝ 2:1 հաշվով, արժանիորեն դարձավ ոսկե մեդալակիր ու աշխարհամասի արդեն կրկնակի չեմպիոն:
Ի դեպ, Լևիկը իր մարզական նվաճումների ցանկում ունի նաև մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունների երկու արծաթե պարգև։

Անշուշտ, արժանին պետք է մատուցել նաև գերծանրքաշային Խաչատուր Խաչատրյանի (125 կգ) արդյունքը: Բրոնզե մեդալի համար գոտեմարտում երևանցի հերկուլեսը երեկ մեկ շնչով ՝ ընդամենը 40 վայրկյանում ծնկի բերեց բելառուս Ստեփան Մանդրիկին՝ 10:0։ Այս պարագայում նույնպես հայ մարզիկը կրկնեց համանուն մրցաշարի նախորդ տարվա արդյունքը: Թեև Խաչատուրի ցուցանիշը գովելի է, բայց ենթադրում ենք, որ նրանից դժգոհում է հայրը ՝ մարզաձևի ՀՀ Ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Խաչատրյանը, քանզի նա առավել կարևոր է համարում հավաքականի ընդհանուր արդյունքը:
Հայաստանի ազատ ոճայինների թիմը նվաճեց չորս մեդալ՝ մեկ ոսկե և երեք բրոնզե։ Հիշեցնենք, որ նախօրյակին երրորդն էին ճանաչվել նաև Արման Հարությունյանը (57 կգ) և Դավիթ Մարգարյանը (70 կգ ):
Գնահատալի է նաև այն, որ մեր բոլոր տասը ըմբիշներից յուրաքանչյուրը մրցաշարում վաստակեց վարկանիշային միավորներ, ասել է թե` իր հաշվին գրանցեց առնվազն մեկ հաղթանակ:
ՀՀ հավաքականը թիմային հաշվարկով գրավեց պատվավոր երրորդ տեղը:
Շնորհավորում ենք նաև մրցանակակիրների անձնական մարզիչներին և Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած ընտրանու մարզչական կազմին: