50 ՏԱՐԻ ԱՌԱՋ՝ ԱՅՍ ՕՐԸ

12:57 - 10 Հոկ, 2023

ԽՍՀՄ առաջնություններում մեր լավագույն թիմն անշուշտ եղել է << Արարատը >>, որը հեռավոր 1973թ. այսօրը՝ հոկտեմբերի 10 –ին,  նվաճեց Խորհրդային Միության ֆուտբոլի գավաթը , իսկ 18 օր անց՝  նաև այն անծայրածիր երկրի չեմպիոնի կոչումն ու խաղարկված ոսկե մեդալները:

Գավաթային մրցաշարի վճռական հանդիպումը Կիևի << Դինամոյի >>  հետ  տեղի ունեցավ Մոսկվայի <<Լուժնիկի >> ստադիոնում:

Հանդիպումը մոտենում էր ավարտին, իսկ  1 : 0 հաշվով արարատցիներին  հաղթում էին Կիևի դինամոյականները:

Տրիբունաներում կարծես հաշտվել էին հայ ֆուտբոլիստների պարտության մտքի հետ:

Ժամացույցի սլաքը 89 –րդ րոպեի պտույտն էր կատարում, երբ Կովալենկոն գնդակը կախեց կիևցիների տուգանային հրապարակ:Ամենահաս Անդրեասյանը անվարան վազեց դեպի իջնող գնդակը , դեպի նրան դիմավորող բարձրահասակ երկու դինամոյականների արանքը և… երեքն էլ միաժամանակ ցատկեցին: Ամենաբարձրը երևանցին ճախրեց ,և գլխի հարվածով գնդակը փոխանցեց  հրթիռասլաց Ղազարյանին: Դարպասապահ Սամոխինը նրա  ոտքերի տակից մի կերպ գնդակը ետ մղեց  ու . . . գետնի տակից <<բուսնած >> Իշտոյանը դիպուկ հարվածով  գրավեց  դարպասը: Գ- ո – ո – ոլ:

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց  ոչ ոքի ` 1:1 :

Լրացուցիչ ժամանակը հատել էր հասարակածը: Ընթանում էր 113-րդ րոպեն: Անդրեասյանը հաշվենկատ փոխանցումով  վճռական  << խոցումի հրավիրեց >> Իշտոյանին, որը  ձախ ոտքի ուժգին  հարվածով գնդակը մխրճեց Կիևի << Դինամոյի >> դարպասի վերին ձախ անկյունը:

Կարելի է ենթադրել, թե այդ պահին ինչպես փոթորկվեցին տրիբունաները,  իսկ խաղադաշտի տարբեր անկյուններից կանաչ խոտածածկի հարթություն ներխուժեցին դհոլ զուռնայի հայկական բազմաթիվ խմբեր: Պարզ է,որ հայ ֆուտբոլասերները  խրոխտ պար էին բռնել` հաղթական քոչարի՝ 2 : 1:

 Տոնական գիշերը թևածել էր Հայաստանի բոլոր բնակավայրերում   և ուրախությունը երկար շարունակվեց :

. . . 2016թ.  հոկտեմբերի 10 –ին  Երևանում հառնեց  նմանը չունեցող արվեստի մի գործ: Այդ կապակցությամբ Կիլիկիա թաղամասում տեղի ունեցավ տոնական մարդաշատ իրադարձություն: Հնչեց  մոսկվացի կոմոպոզիտոր Մատվեյ  Բլանտերի`1938 թ. գրած   << Ֆուտբոլային քալերգ >>  հանրահայտ ստեղծագործությունը: Հավաքը նվիրված  էր  Խորհրդային Միության  1973 թ. չեմպիոն և գավաթակիր Երևանի << Արարատ >> թիմի հոյակերտ արձանախմբի բացման հանդիսավոր արարողությանը:

/ Ի դեպ,   << Արարատը  >> գավաթը նվաճեց  նաև 1975 –ին , իսկ 1971 –ին և 1976 –ին դարձավ ԽՍՀՄ առաջնության արծաթե մեդալակիր: 1954 և 1976 թվականներին արարատցիները  հռչակվեցին ԽՍՀՄ գավաթի խաղարկության երկրորդ մրցանակակիր / :

Չեմպիոնների արձանախումբը իր հիմնական գրանցումը  ստացավ <<Հրազդան >> ստադիոնի  հարևանությամբ , այն մարզադաշտի ,որը եղել է մեր ֆուտբոլի հաղթանակների խորհրդանիշը:

Արձանախմբի ստեղծման հովանավոր, անվանի բարեգործ, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի  բարի ցանկությամբ ,բացումը կատարեցին   հայրենական ֆուտբոլի բոլոր ժամանակների լավագույն թիմ, ոսկեզօծ  << Արարատի >> ֆուտբոլիստները:

Նրանք են .

Համար  1 `  մշտարթուն   դարպասապահ  Ալյոշա Աբրահամյան

Համար 2  ` աշխատունակ և անտրտունջ  պաշտպան Սուրեն Մարտիրոսյան

Համար 3 `  սահընկումների վարպետ , պաշտպան  Արմեն Սարգսյան

Համար 4 `  այստեղ  մի պահ դադար տանք  ու հիշենք Համո Սահյանի հետևյալ տողերը   <<   . . . Ձեր թռիչքի ժամանակ   ինձ բացակա չդնեք... >>

Եվ այսպես համար 4 `  << Արարատի >> ամրակուռ բերդ  Ալեքսանդր Կովալենկո:

Համար 5`    ամենակայուն եզրային  ֆուտբոլիստ Նորայր Մեսրոպյան

Համար 6 `  գնդակի կախարդ , օլիմպիական խաղերի մեդալակիր , խաղադաշտի պրոֆեսոր Արկադի Անդրեասյան

Համար 7 ` ամենաերկարակյաց արարատցի,   ֆուտբոլային  թնդանոթաձիգ  Սերգեյ Բոնդարենկո

Համար 8  `  գավաթային խաղի լեգենդար  գոլահար  Լևոն Իշտոյան 

Համար 9  ` ճիշտ պահին խաղադաշտի ճիշտ տեղում  հայտնվող,  Ֆեդոտովի ակումբի անվանի ռմբարկու, աշխարհի առաջնության մրցանակակիր  Էդվարդ Մարգարով

Համար 10  ` մեր լեգենդար թիմի լեգենդար  ավագ , օլիմպիական խաղերի մեդալակիր, Հովհաննես Զանազանյան: Նրան  նույնպես բացակա չենք դնում

Եվ համար 11` <<   Արարատի >> և ընդհանրապես հայրենական ֆուտբոլի անգերազանցելի հրթիռ ,  հարձակվող  Նիկոլայ Ղազարյան

Հապա  նրանց  մյուս   ոսկեզօծ թիմակիցներ , անձնուրաց  Սանասար Գևորգյանը , անկոտրում կամքի տեր Սերգեյ Պողոսյանը,  չափազանց  հուսալի Արկադի Հարությունյանը և  սուր գրոհների ասպետ Նազար Պետրոսյանը:

Գլխավոր մարզիչ , Խորհրդային Միության սպորտի վաստակավոր վարպետ  և վաստակավոր մարզիչ , օլիմպիական չեմպիոն Նիկիտա Սիմոնյան: Մարզիչներ,  Խորհրդային Միության սպորտի վաստակավոր վարպետ , Հարություն Քեհեյան, Հովհաննես Աբրահամյան և թիմի պետ Ռոբերտ Ծաղիկյան>>:

Ելույթ ունեցավ  ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Մեր մայրաքաղաքի պատմամշակութային կոթողների ցանկը ևս մեկով հարստացավ: Մոնումենտալ այդ կառույցի  ճարտարապետն է Տիգրան Բարսեղյանը, քանդակագործների խմբի ղեկավարը ` Արմեն Սամվելյանը:

Արձանախմբի այցելուների  թվում, անշուշտ,  շատ են  նաև շնորհալի ու խոստումնալից ապագա ֆուտբոլիստներ:

 

 

 

Այլ նորություններ