
Միլանի Ice Skating Arena-ում, գեղասահքի սպորտային զույգերի ազատ ծրագրում, Հայաստանը ներկայացնող Կարինա Ակոպովա - Նիկիտա Ռախմանին «դուետը», ոգևորող մեկնարկից հետո չկարողացավ լիովին դրսևորել իր վարպետությունը: Երկու ծրագրերի միավորների ընդհանուր գումարով / 180,66 միավոր / մեր զույգը գրավեց 14-րդ տեղը։

«Միլիոնատերը ետնախորշից» ֆիլմի երաժշտության ներքո Կարինան երկու անգամ սխալվեց, ինչը ազդեց գնահատականի վրա: Գուցե պատկերը այլ լիներ, եթե հայրենասեր մեր աղջիկը կրկին «ճախրեր» երգահան Արա Գևորգյանի հոգեթավ որևէ ստեղծագործության հնչյունների ուղեկցությամբ:
Ամեն բանից անկախ, մարզաձևում Կարինա Ակոպովա - Նիկիտա Ռախմանին սպորտային զույգի արդյունքը մեզանում լավագույնն է օլիմպիական խաղերի պատմությունում:

Առաջին եռյակում տեղ գտան հաջորդաբար Ճապոնիայի, Վրաստանի և Գերմանիայի ներկայացուցիչները։ Ի դեպ, վերջին զույգը հանդես եկավ «Գլադիատոր» հայտնի ֆիլմի երաժշտության ուղեկցությամբ, որտեղ բրոնզե մեդալակիր դառնալուն գուցե նպաստեց նաև մեր աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանի նվագը:
Այսպիսով Հայաստանի բոլոր հինգ օլիմպիականները ավարտեցին իրենց ելույթները Իտալիայի ձմեռային մարզահանդեսում: