
Հաստատվել է 2028թ. օլիմպիական խաղերի ծանրամարտի ընտրական համակարգը, որը բազմափուլ, խիստ կանոնակարգված գործընթաց է։
Ընտրության նոր համակարգը լայնածավալ խորհրդակցություններից ու համագործակցությունից հետո է հաստատել ՄՕԿ-ի գործկոմը: Այն հիմնված է երկարաժամկետ կայունության վրա:
Ծանրամարտը 2028 –ի ամառային մարզահանդեսում կներկայացվի 120 մարզիկով (60 տղամարդ, 60 կին): Նրանք կմրցեն 12 քաշային կարգերում (վեցական տղամարդ և կին )։
Ընդհանուր թվից 108 մարզիկ կընտրվի քվոտաների միջոցով (այդ թվում՝ 96-ը՝ որակավորումով, իսկ 12-ը՝ մայրցամաքային ներկայացուցչությունից), վեցը՝ որպես ընդունող երկրի ներկայացուցիչներ, և ևս վեցը՝ համընդհանուր քվոտաների միջոցով։
Որակավորումը կանցկացվի 2026թ. հուլիսի 27-ից՝ 2028թ. մայիսի 7-ը և կներառի երկու հիմնական փուլ:
Առաջինը կներառի վեց խոշոր մրցաշար. 2026թ. աշխարհի առաջնություն՝ Նինգբո / Չինաստան/, առաջին և երկրորդ որակավորման մրցաշարեր: 2027 թ. մայրցամաքային առաջնություններ, որակավորման երրորդ մրցաշար, աշխարհի առաջնություն Երևան /Հայաստան/:
Ի դեպ, Բաթումում այս տարի նախատեսված Եվրոպայի առաջնությունը ուղեգիր չի շնորհի:
Երկրորդ փուլ. որակավորման չորրորդ և հինգերորդ մրցաշարեր, 2028 թ. մայրցամաքային առաջնություններ և աշխարհի առաջնություն՝ Աստանա:
Հենց այս մեկնարկներով է ձևավորվելու վերջնական վարկանիշը։
Յուրաքանչյուր ծանրորդ առնվազն պետք է մասնակցի որակավորման հինգ մրցաշարի, ցույց տա կայուն բարձր արդյունքներ, մնա առաջատարների շարքում և պահպանի հակադոպինգային բոլոր կանոնները:
Օլիմպիական խաղերում ծանրորդները հանդես կգան հետևյալ քաշային կարգերում. տղամարդիկ ՝ 65 կգ, 75 կգ, 85 կգ, 95 կգ, 110 կգ, +110 կգ-ում, կանայք՝ 53 կգ, 61 կգ, 69 կգ, 77 կգ, 86 կգ և +86 կգ: