<< Արաքս >> անվանումը կրկին ստացած համալիրի մարզապալատում / նախկին << Միկա >> / անցկացված Հայաստանի ազատ ըմբշամարտի ՀՀ առաջնությանը մասնակցեցին նաև մեր բոլոր առաջատար վարպետները: Այս առթիվ հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը զրույցի ժամանակ ասաց, որ մրցաշարը բնույթով ընտրական էր: Անհրաժեշտ էր լիարժեք ուսումնասիրել թիմը համալրող հերթափոխի ընդհանուր մակարդակը և, որ նույնպես կարևոր էր, մարզասերը պետք է տեսներ նաև սեփական հարկի տակ հանդես եկող մեր ճանաչված չեմպիոնների գոտեմարտերը: Ստուգատեսն այդ առումով արդարացրեց սպասելիքները:
Ընտրանու մարզչական խորհուրդը կազմած ծրագրով է հունվարի 24 –ից ծաղկաձորյան հավաքով սկսում մրցաշրջանը: Շուրջ 30 ըմբիշներ, մինչև փետրվարի վեցը, մարզիչների անմիջական ղեկավարությամբ, կաշխատեն ընդհանուր ֆիզպատրաստականությունը բարելավելու ուղղությամբ: Այնուհետև նախապատրաստությունը կշարունակվի մայրաքաղաքի Օլիմպավանում: Ընթացքում միջազգային մրցումների կգործուղվեն համապատասխան ըմբիշներով համալրված համակազմերը:
Առաջին մրցուղերթը նախատեսված է Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում փետրվարի 26 –ին մեկնարկելիք միջազգային մրցաշարը, որտեղ հավանաբար պայքարի կելնեն մեր 7 – 8 մարզիկներ:
Այս, և անցկացվելիք հաջորդ հավաքների ու մրցաշարերի հիմնական նպատակն է ճիշտ ընտրությամբ կազմել հավաքական, որը մեր երկրի մարզական դրոշի պատիվը պետք է պաշտպանի Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ապրիլի յոթին մեկնարկելիք Եվրոպայի առաջնությունում:
Աշխատանքները կշարունակվեն ազատ ոճայինների ընդհանուր մարզավիճակը լավագույն աստիճանին հասցնելու ձգտումով, որպեսզի մարտական տրամադրությամբ ու հաղթանակի վճռականությամբ ՀՀ հավաքականը մեկնի սեպտեմբերի երկրորդ կեսին Խորվաթիայում անցկացվելիք աշխարհի առաջնություն: