ՎԵՀԱՑՆՈՂ ՄՐՑԵԼՈՒՅԹՆԵՐ

12:37 - 19 Փետ, 2024

Օլիմպիական տարին հաջող են սկսել  Հայաստանի մենապայքարային մարզաձևերի ներկայացուցիչները: Նրանք հաղթանակներ են տանում միջազգային մրցումներում, այն էլ՝  Եվրոպայի պաշտոնական  առաջնություններում:

Ահավասիկ  Սոֆիայում շարունակվող ծանրամարտի  մրցաշարը: Մեր պատվիրակներից  առաջինը  հաղթանակի  ոսկե ուղին հարթեց Հայաստանի դուստր,  ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանը: Նրանից էստաֆետն ընդունեց շնորհալի թիմակից   Գոռ Սահակյանը: Հաջորդը պատվո պատվանդան բարձրացավ Ռաֆիկ Հարությունյանը / 81 կգ /: Երկամարտում նրա ցույց տված 336 կգ / 154 կգ + 182 կգ / արդյունքը  վարձատրվեց բրոնզե մեդալով:

Չորրորդ մրցանակային  հորիզոնականը 220 կգ / 95 կգ + 125 կգ / ցուցանիշով զբաղեցրեց Լիանա Գյուրջյանը / 81 կգ /:

Տղամարդկանց մրցաշարում  365 կգ / 170 կգ + 195 կգ / արդյունքով առաջին հնգյակը եզրափակեց Անդրանիկ Կարապետյանը / 89 կգ /:

Հայ մարզասերը վեհացավ 96 կգ քաշայիններ Հակոբ Մկրտչյանի և Դավիթ Հովհաննիսյանի ելույթով: Նրանց միջև ծավալվեց հիմնական, կասեինք հաղթական  մրցապայքարը: Երբ պոկում վարժությունում Դավիթը 169 կգ –ով գրավեց առաջին տեղը, նրան մոտեցավ,  ջերմորեն փարվեց ու շնորհավորեց   Հակոբը: Դա ընկերության, կասեինք ՝ միասնության յուրօրինակ խորհուրդ հանդիսացավ մեզ համար: Իսկ այն, երբ երկրորդ ՝ հրում վարժության վճռական ՝ վերջին փուլում մեր հերկուլեսները միմյանց միջև սկսեցին  վիճարկել  չեմպիոնի կոչումը, հիրավի հպարտության պահեր պարգևեց: Ծանրաձողի հետ մղված լուռ պայքարը ապացուցեց , որ հայը  անպարտելի է`  հոգով և ուժով:

Արդյունքում  պատվանդանի  առաջին և երկրորդ աստիճանին կանգնեցին մեր դյուցազունները ՝ Հակոբ Մկրտչյանը  ՝ 375 կգ / 166 կգ + 209 կգ / և Դավիթ Հովհաննիսյանը ՝ 374 կգ / 169 կգ + 205 կգ /:

Կարելի է պատկերացնել  թե  առաջատար երկյակի պայքարի ընթացքում որպիսի ծանր ապրումներ ունեցան հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը և նրա օգնական Հակոբ Փիլոսյանը: Նրանք երկու ընտրյալներին էլ նույնպիսի վերաբերմունքով  էին ուղեկցում  ծանրահարթակ: Մեր թիմի ղեկավար կազմը դեռևս  պետք  է լուծում տա բազում խնդիրների:

Այսօր ՝ փետրվարի 19 –ին մրցահարթակ կելնեն  մեր երկրի  հինգ ներկայացուցիչներ. Սամվել Գասպարյանը , Գարիկ Կարապետյանը / երկուսն էլ՝ 102 կգ /, Պետրոս Պետրոսյանը / 109 կգ /, Հռիփսիմե Խորշուդյանը  և Տաթև Հակոբյանը / երկուսն էլ ՝ 87 կգ /:

Առայժմ մեր պատվիրակության հաշվին գրանցված է երեք ոսկե և մեկական արծաթե և բրոնզե մեդալ:

 

Այլ նորություններ