Վահե Ավետիսյան. Օլիմպիական փառատոնում Արթուր Սողոյանը գերազանց հանդես եկավ

13:49 - 29 Հուլ, 2017

Հունգարիայի Գյոռ քաղաքում կայացած Եվրոպական պատանեկան օլիմպիական փառատոնում Հայաստանի լավագույն արդյունքը գրանցեց թենիսիստ Արթուր Սողոյանը: Նա զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը: Հավաքականների գլխավոր մարզիչ Վահե Ավետիսյանը գոհ է Սողոյանից: Ըստ նրա, 64 մարզիկի մեջ լինել 5-րդը՝ շատ լուրջ արդյունք է: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում մարզիչն ամփոփեց հայ թենիսիստների մրցելույթները.

«Արթուր Սողոյանը գերազանց հանդես եկավ: Վերջին տարիներին նման արդյունք չէինք ունեցել: Բոլորն ինձ շնորհավորում էին, ասում, որ մեր Արթուրն անակնկալ մատուցեց: Սողոյանի լիտվացի եւ լատվիացի մրցակիցները նրանից վարկանիշով բարձր էին, բայց մեր տղան կարողացավ արժանի հաղթանակներ տանել: Արթուրն ի վիճակի էր հաղթել նաեւ քառորդ եզրափակչում՝ լեհ թենիսիստին: Բայց նրա խաղը չստացվեց: Նախորդ օրը Սողոյանը շատ դժվար երկու խաղ էր անցկացրել եւ հոգնածություն կար նրա գործողություններում»,- ասաց մարզիչը:

Մեր մյուս թենիսիստները պայքարից դուրս էին մնացել մեկնարկային խաղերում.

«Յուրա Մարտիրոսյանին ու Էվելինա Մարտիրոսյանին շատ դժվար մրցակիցներ էին բաժին հասել առաջին խաղերում, եւ արդյունքն ինչ-որ տեղ ակնկալելի էր: Բայց ես չէի սպասում, որ Եվա Ավետիսյանը մեկնարկային խաղում կպարտվի: Ավետիսյանը վատառողջ էր, նա իրեն նման չէր եւ իր խաղը չխաղաց: Եվան այս մրցաշարի 10-րդ համարն էր: Նա կարող էր գոնե մի քանի փուլ անցնել: Պարզապես, այդ օրը նրա մրցակիցն ավելի լավ խաղաց:

Զուգախաղերում նույնպես մեր աղջիկների եւ տղաների մրցակիցները բավականին ուժեղ էին: Նրանք ավելի բարձր վարկանիշով փորձառու խաղացողներ էին եւ կարողացան պայքարից դուրս թողնել մեր զույգերին»,- նշեց Վահե Ավետիսյանը:

Այլ նորություններ