Նոր մարզիկ է հայտնվել Հայաստանի գեղասահքում: Նա Սեմյոն Դանիլյանցն է: 15-ամյա պատանին մոսկվացի է, փոքր հասակից հաճախում է հանրահայտ չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոյի անվան գեղասահքի ակադեմիա և պարապում է անձնական մարզիչ, հեղինակավոր մասնագետ Ալեքսանդր Վոլկովի գլխավորությամբ:
Ընտանեկան զրույցները նրա մոտ սեր և հարգանք են ներշնչել հայրենիքի հանդեպ: Պատահական չէ, որ դեռևս մեկ տարի առաջ է ցանկություն հայտնել հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո: Եվ ահա Սեմյոնի նորամուտը Տալլինում ընթացող աշխարհի պատանեկան առաջնությունում: Այդ խոշոր ստուգատեսը և պատասխանատվությունը ինչ –որ չափով լարվածություն են ստեղծել հայ մենասահորդի գործողություններում:
Այնուամենայնիվ, առաջին պաշտոնական խոշոր մրցաշարում, կարճ ծրագրով նրա ելույթը դրական է գնահատվել: Հեշտ չէ 33 մենասահորդների մրցավեճում ճանաչվել 25 –րդը: Արդյունքը վատ չէ: Համենայնդեպս այդ են ասում մասնագետները: Բայց Սեմյոնը թախծել է, քանզի նրան ընդամենը մեկ աստիճան չի բավարարել դառնալ 24 –րդը ու մտնել հաջորդ փուլ:
Հավատում ենք, որ նա կթոթափի լարվածությունը և իրեն հատուկ վստահությամբ և անկաշկանդ գործողություններով բարձր տեղեր կգրավի: Այսպես մտածելու հիմքեր կան, մանավանդ, որ հայորդին քանիցս առաջինն է ճանաչվել անծայրածիր Ռուսաստանում անցկացված պատանեկան ստուգատեսներում:
Մարզասերներին տեղեկացնենք, որ Սեմյոնի ելույթներին կարող են ականատես լինել մայիսի 27 –ին սկսվող Հայաստանի առաջնությունում և սեպտեմբերին նախատեսված աշխարհի գավաթի երևանյան խաղարկության փուլում: