ՆՇԱՆԱԿԱԼԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ ԿԼԻՆԻ ՄԵՐ ԲԱՍԿԵՏԲՈԼՈՒՄ

12:17 - 02 Մայ, 2023

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան հայտնում է, որ այս տարվա հունիսի 16-ին և 17-ին Հայաստանի ու Ֆրանսիայի հավաքականներն ընկերական հանդիպումներ կանցկացնեն ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում։

Ֆրանսիան Եվրոպայի գործող փոխչեմպիոնն է, իսկ Հայաստանը՝ ՖԻԲԱ Եվրոպայի փոքր երկրների առաջնության հաղթողը։

Առաջիկա ընկերական խաղերի վերաբերյալ ՀԲՖ նախագահ Հրաչյա Ռոստոմյանն ասել է հետևյալը. «Մեզ համար մեծ պատիվ է ընկերական մրցամարտ անցկացնել Ֆրանսիայի հավաքականի հետ: Հայաստանն ու Ֆրանսիան բարեկամ երկրներ են, ինչը արտացոլված է նաև երկու երկրների բասկետբոլի ֆեդերացիաների հարաբերություններում։ Նախատեսվում է նաև այլ ծրագրեր իրականացնել ֆրանսիացի գործընկերների հետ»:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռեքս Քալամյանը, ով «Դետրոյթ Փիստոնս»-ի գլխավոր մարզչի օգնականն է, նույնպես մեծ իրադարձություն է համարում նշանակված մրցախաղը։

«Անցյալ տարի մենք հաղթեցինք ՖԻԲԱ-ի փոքր երկրների առաջնությունում, իսկ ապագայում ցանկանում ենք մասնակցել աշխարհի առաջնության ընտրական փուլի մրցաշարին։ Այդ իսկ պատճառով Լոս Անջելեսում կանցկացնենք ուսումնամարզական հավաք և ընկերական հանդիպումներ։ Ոգևորված եմ, որ Ֆրանսիան համաձայնել է մասնակցել խաղերին. նրանք աշխարհի ուժեղագույն թիմերից են։ Հայաստան - Ֆրանսիա պայքարը հիանալի հնարավորություն կընձեռի Կալիֆորնիայում ապրող հայերին՝ ներկա լինել խաղերին և աջակցել Հայաստանի հավաքականին», - ասել է Քալամյանը:

 

Այլ նորություններ