Լիլեհամերի պատանեկան Օլիմպիական խաղերին Հայաստանը կներկայանա 2 մարզիկով

16:21 - 02 Փետ, 2016

Հայաստանը ձմեռային երկրորդ պատանեկան Օլիմպիական խաղերին կմասնակցի երկու մարզիկով:

Լիլեհամերի ձմեռային խաղերին հանդես կգան գեղասահորդ Անաստասիա Գալուստյանը և դահուկորդ Միքայել Միքայելյանը:

Ձմեռային պատանեկան երկրորդ Օլիմպիական խաղերը կանցկացվեն նորվեգական Լիլեհամեր քաղաքում, որն իր պատմության ընթացքում երկրորդ անգամ է հյուրընկալում Խաղերը: Դեռևս 1994 թվականին Լիլեհամերն ընդունել էր 15-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը: 2016 թվականի պատանեկան խաղերը հյուրընկալելու միակ հայտը ներկայացրել էր հենց Լիլեհամերը: 2011 դեկտեմբերի 7-ին պաշտոնապես հայտարարվեց, որ երկրորդ պատանեկան Խաղերը կանցկացվեն նորվեգական այս քաղաքում: Լիլեհամերը դարձավ երկրորդ քաղաքն Ինսբրուքից հետո, որը կընդունի թե ձմեռային Օլիմպիական խաղերը և թե պատանեկան Խաղերը: Լիլեհամերի պատանեկան Օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողության ժամանակ խաղերի կրակը կվառի Նորվեգիայի արքայադուստր Ինգրիդ Ալեքսանդրան, ինչպես իր հայրը՝ թագաժառանգ արքայազն Հաակոնը, 1994 թվականի Օլիմպիական խաղերի բացման ժամանակ:

Պատանեկան Օլիմպիական խաղերը կմեկնարկեն փետրվարի 12-ին և կեզրափակվի 21-ին:

ՀԱՕԿ լրատվության բաժին

Պաշտոնական գործընկեր` Ucom

Այլ նորություններ