«Դինամո» ստադիոնում հունիսի 30-ին տեղի ունեցավ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացված 2-րդ Եվրոպական խաղերի փակման հանդիսավոր արարողությունը:
Սկզբում վավերագրական ֆիլմում պատմեցին Եվրոպական խաղերի անցկացման մասին, մարզիկները նկարագրեցին իրենց տպավորությունները, ինչից հետո սկսվեց Եվրոպական խաղերի փակման հետհաշվարկը։
Այնուհետեւ հնչեց Բելառուսի հիմնը, անցկացվեց մարզիկների և դրոշների շքերթը։ Ներկայացվեց 7 մասից բաղկացած բեմականացված ներկայացում, որից հետո իջեցվեցին Եվրոպական օլիմպիական կոմիտեների և Բելառուսի դրոշները։
Այնուհետև պաշտոնական խոսքով հանդես եկան Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Եվրոպական օլիմպիական կոմիտեների նախագահ Յանես Կոչիյանչիչը։
Փակման արարողությանը ներկա էին նաեւ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Փակման արարողության վերջում մարեց Եվրոպական խաղերի կրակը։
Եվ ինչպես ասվում էր Եվրոպական խաղերի փակման պաշտոնական կարգախոսում՝ «Այստեղ և հիմա»։
Հիշեք այս պահը, քանի որ այն երբեք չի կրկնվի։
Հիշեցնենք, որ Եվրոպական խաղերում Հայաստանը 5 ոսկե, 3 արծաթե ու 3 բրոնզե մեդալով 11-րդ տեղն էր գրավել մեդալային հաշվարկում:
Եվրոպական խաղերի չեմպիոն դարձան սամբիստ Տիգրան Կիրակոսյանը (52 կգ), հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97 կգ), բռնցքամարտիկներ Արթուր Հովհաննիսյանն (49 կգ) ու Հովհաննես Բաչկովը (64 կգ) եւ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը (հենացատկ):
Արծաթե մեդալի արժանացան սամբիստ Դավիթ Գրիգորյանը (82 կգ), հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Չալյանը (77 կգ) եւ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը (օղակներ):
Սամբիստ Արսեն Ղազարյանը (74 կգ) եւ բռնցքամարտիկներ Կարեն Տոնականյանն (60 կգ) ու Գոռ Ներսեսյանն (81 կգ) նվաճեցին բրոնզե մեդալ:
Եվրոպական խաղերին Հայաստանը մասնակցեց 37 մարզիկով՝ 9 մարզաձեւերում:
Եվրոպական խաղերում հանդես եկան 4000-ից ավելի մարզիկներ 50 երկրներից: Վիճարկվեց մեդալների 200 հավաքածու՝ 15 մարզաձեւերում: