Grenke Сhess Сlassic. Լեւոն Արոնյանը պարտվեց Մագնուս Կարլսենին

02:00 - 28 Ապր, 2019

Գերմանիայում անցկացվող Grenke Сhess Сlassic մրցաշարի 7-րդ տուրում շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը սեւ ֆիգուրներով պարտվել է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենին (Նորվեգիա): Հայ գրոսմայստերն իր պարտությունն ընդունել է 38-րդ քայլում:

Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան) պարտվել է Գեորգ Մեյերին (Գերմանիա), իսկ Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ) ուժեղ է գտնվել Արկադի Նայդիչից (Ադրբեջան): Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) - Ֆրանսիսկո Վալյեխո (Իսպանիա) եւ Վինսենտ Կեյմեր (Գերմանիա) - Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) պարտիաներում հաղթող չի եղել:

7-րդ տուրից հետո Լեւոն Արոնյանն ունի 3.5 միավոր եւ բաժանում է 5-7-րդ տեղերը: Միանձնյա առաջատար Մագնուս Կարլսենը վաստակել է 5.5 միավոր, իսկ երկրորդ տեղում գտնվող Ֆաբիանո Կարուանան՝ 4.5: Նախորդ 6 տուրերում հայ գրոսմայստերը միավորը կիսել էր Արկադի Նայդիչի, Գեորգ Մեյերի, Ֆրանսիսկո Վալյեխոյի, Մաքսիմ Վաշյե-Լագրավի ու Վինսենտ Կեյմերի հետ, ինչպես նաեւ հաղթել էր Պյոտր Սվիդլերին:

Ապրիլի 28-ին անցկացվելիք նախավերջին՝ 8-րդ տուրում Արոնյանը սպիտակ խաղաքարերով ուժերը կչափի աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ:

Հիշեցնենք, որ Լեւոն Արոնյանը Grenke Сhess Сlassic-ի հաղթողի կոչումը նվաճել է 2017 թվականին:

Այլ նորություններ