Փաշիկ Ալավերդյան. Պետք է տեղյակ լինել միջազգային ֆեդերացիայի ամեն մի որոշման նրբություններին

15:25 - 27 Հուն, 2018

Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականը հունվարի 28-ին ավարտում է մրցաշրջան 2018-ում առաջին ուսումնամարզական հավաքը Ծաղկաձորում:

Ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց.

«Հունվարի 15-ից ենք Ծաղկաձորում: Հավաքին հրավիրվել են ազգային հավաքականի կորիզը եւ երիտասարդները: Վերադառնալով Երեւան՝ մարզումները փետրվարի 5-ից 20-ը կշարունակենք Օլիմպավանում, որից անմիջապես հետո կանցկացնենք Հայաստանի առաջնությունը:

Այս հավաքին հիմնական ուշադրություն դարձնում ենք մարզիկների ֆիզիկական պատրաստվածության եւ ֆունկցիոնալ հնարավորությունների՝ ուժային եւ արագաուժային,  բարձրացման վրա: Բայց չենք մոռանում նաեւ դասական վարժությունները: Հավաքը ծառայեց նպատակին: Տղաներ կային, որոնք վիրահատությունների եւ այլ պատճառներով հեռու էին անհրաժեշտ մարզավիճակից եւ այստեղ արդեն հասել են իրենց մարզավիճակի գրեթե 80 տոկոսին: Ես սովորաբար ծանր մարզումներ եմ անցկացնում մրցումներից մեկ-երկու  ամիս առաջ, որպեսզի ծանրորդների տեստոստերոնը բարձրանա բնական ճանապարհով, այլ ոչ թե անաբոլիկների», - ասաց մասնագետը:

Ալավերդյանի խոսքով, ինքն այս անգամ մի փոքր շտապել է, քանի որ առջեւում Հայաստանի առաջնությունն է եւ բացառված չէ, որ մեծահասակների հավաքականը նաեւ Եվրոպայի առաջնությունում հանդես գա.

«Եթե չմասնակցենք, հարկադրված կլինենք  ուրիշ մրցումների մեկնել, որոնք միջազգային ֆեդերացիայի օրացուցային պլանում չեն: Մեզ դա թույլ տալիս են, որպեսզի մեր ծանրորդներն իրենց ֆիզիկական որակները պահպանեն, մարզավիճակ ձեռք բերեն եւ աշնանը մասնակցեն աշխարհի առաջնությանը, որն այս տարվանից օլիմպիական վարկանիշային կարգավիճակ ունի:

Մենք միջազգային ֆեդերացիայի առջեւ տարվա ընթացքում մեր ծանրորդների 4-6 անգամ դոպինգ անալիզ հանձնելու պարտավորություն ենք վերցրել, հակառակ դեպքում մեզ կարող են թույլ չտալ մասնակցել օլիմպիական խաղերին: Հիմա հարկավոր է շատ ուշադիր լինել: Հավաքականների մարզիչներն ու ֆեդերացիան պետք է տեղյակ լինեն միջազգային ֆեդերացիայի ամեն մի որոշմանը, իմանան ամեն մի նրբության: Տեսնում եք, որ ներկայումս ամեն մի չնչին  բանից կառչում են», - ասաց Փաշիկ Ալավերդյանը:

Այլ նորություններ