Ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդների առաջնությունը

10:16 - 10 Ապր, 2017

Ապրիլի 8-9-ը Վանաձորում ընթացավ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդների առաջնությունը, որին մասնակցում էր մինչեւ 20 տարեկան 104 մարզիկ, 8 քաշային կարգերում:

Հանրապետության չեմպիոններ դարձան. Կարեն Զուրաբյան` 50 կգ, Արսեն Հարությունյան` 55 կգ, Վարդգես Կարապետյան` 60 կգ, Գեւորգ Մխեյան` 66 կգ, Արման Ավագյան` 74 կգ, Հովհաննես Մխիթարյան` 84 կգ, Սարգիս Հովսեփյան` 96 կգ, Հովհաննես Մաղաքյան` 120 կգ:

Երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ավետիք Վարդանյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նշեց, որ առաջնության մասնակիցների քանակը մեծ չէր, ինչը կարելի է կապել մարզիկների զորակոչային տարիքի հետ: Մարզիչն ընդհանուր առմամբ գոհ է պայքարի մակարդակից.

«Հետաքրքիր ու լարված գոտեմարտեր եղան, որոնցից մի քանիսում անգամ 0:7 հաշվի դեպքում պարտվող կողմը չհանձնվեց եւ կարողացավ փոխել պայքարի ընթացքը: Նշեմ, որ 55, 74 եւ 120 կգ քաշային կարգերում հաղթողներ դարձան մարզիկներ, որոնք առաջին անգամ էին հանդես գալիս այս տարիքային խմբում»,- ասաց Ավետիք Վարդանյանը:

«Այժմ մենք կազմավորում ենք Հայաստանի հավաքականը, հավաքների եւ միջազգային մրցաշարերի մասնակցելու համար: Ապրիլի 18-28-ը տղաները, մեծահասակների հավաքականի հետ համատեղ հավաքի կմասնակցեն, իսկ մայիսի 8-20-ը եւս մի ուսումնամարզական հավաք կանցկացնենք Ծաղկաձորում, որտեղ հիմնական ուշադրությունը կդարձնենք ընդհանուր ֆիզիկական պատրասվածությանը:

Այս ամենից հետո հավաքականը կմասնակցի մրցաշրջանի առաջին միջազգային մրցաշարին, ամենայն հավանականությամբ՝ Բելառուսի Գրոդնո քաղաքում: Այնտեղից կվերադառնանք Երեւան, որտեղ հունիսի 15-ից կսկսվի վերջին հավաքը Եվրոպայի առաջնությունից առաջ: Մայրցամաքի առաջնությունը կկայանա հունիսի 25-29 Գերմանիայի Դորտմունդ քաղաքում: Նախատեսում ենք հանդես գալ բոլոր քաշային կարգերում:

Եվրոպայի առաջնությունից հետո կպատրաստվենք աշխարհի առաջնությանը, որը կանցկացվի հուլիսի 30-ից օգոստոսի 3-ը Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում»,- ասաց երիտասարդական հավաքի գլխավոր մարզիչը:

Ավետիք Վարդանյանը մարտի վերջին մասնակցել է Ըմբշամարտի համաշխարհային միության կազմակերպած մրցավարների 1-S կարգի սեմինարին (սպասարկում են օլիմպիական խաղերը): Սեմինարի ընթացքում, որին մասնակցում էր ավելի քան 100 մրցավար, մրցագորգի վրա անցկացվում էին ըմբշամարտի կանոնների փոփոխության եւ միավորների հաշվարկման նոր համակարգի հետ կապված տեսական եւ գործնական պարապմունքներ:

Հիմնական փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2018 թվականից: Դրանք վերաբերում ենք քաշային կարգերի ավելացմանը եւ երկօրյա մրցումային ձեւաչափին: Մեծահասակների, Մ 23 տարեկանների եւ երիտասարդների 8 քաշային կարգի փոխարեն կլինի 10-ը: Նոր քաշային կարգերը կհաստատվեն ըմբշամարտի համաշխարհային միության համաժողովում, որը կկայանա օգոստոսին` Փարիզում անցկացվելիք աշխարհի առաջնության օրերին:

Երկօրյա մրցումային ձեւաչափը կփորձարկվի պատանիների Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում, որոնք կացկացվեն, համապատասխանաբար, հուլիսին՝ Սարաեւոյում եւ սեպտեմբերին՝ Աթենքում:

 

 

Լուսանկարը` Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքի

Այլ նորություններ