Միջազգային օլիմպիական կոմիտեն 2016 թվականին կարատեն ճանաչեց որպես օլիմպիական մարզաձեւ: Մեր երկրում կան կարատեի բազմաթիվ ֆեդերացիաներ եւ ակումբներ: Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի նախագահ Գրիգոր Միքայելյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ ՀԱՕԿ-ը հանրապետության տարածքում պաշտոնապես ճանաչել է միայն իրենց ֆեդերացիան:
«Հայաստանում համաշխարհային ֆեդերացիայի միակ պաշտոնական անդամը մենք ենք: Մեր ֆեդերացիային անդամակցում են վեց ոճերի 26 ֆեդերացիաներ ու ակումբներ Երեւանից եւ բոլոր մարզերից:
Օլիմպիական խաղերին մասնակցելու համար հայկական ֆեդերացիաները պետք է ընդունեն միջազգային ֆեդերացիայի կանոնները, որով եւ առաջնորդվում ենք մենք:
Օլիմպիական ձեւ դարձած կարատեում միակ մարզահագուստը սպիտակ կիմոնոն է: Դրա վրա չպետք է լինեն տարբեր գունավորումներ, նույնիսկ չի թույլատրվում կապել վարպետության աստիճանի գոտի: Բոլորն ունեն միեւնույն կարգավիճակը»,-նշեց Գրիգոր Միքայելյանը:
Կիոկուշինկայ կարատեի ֆեդերացիայի նախագահ Կարեն Մանուկյանը նշեց, որ Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի հետ իրենց համագործակցությունը շատ արդյունավետ է: Ըստ նրա` կարատեն ամբողջական տեսք է ստացել:
«Մինչեւ նախորդ տարի կարատեն պայմանականորեն բաժանվում էր երկու մասի` կոնտակտային եւ ոչ կոնտակտային: Դրանց միավորման ոչ մի եզր չկար: Սակայն, մեծ ջանքերով Միջազգային օլիմպիական կոմիտեն այս երկու կարատեները ճանաչեց օլիմպիական մարզաձեւ:
Այս միավորումից հետո բոլոր երկրներում համապատասխան ֆեդերացիաները սկսեցին համագործակցել: Այսօր արդեն կարատեն տարբերակում են այսպես` օլիմպիական եւ ոչ օլիմպիական»,-ասաց Կարեն Մանուկյանը: