Դավիթ Խիթարյանն ամփոփում Է ձյուդոյի աշխարհի երիտասարդական առաջնությունը

11:40 - 27 Հոկ, 2015

Աբու-Դաբիում ավարտված ձյուդոյի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանը ներկայացնող երեք մարզիկները` Վահագն Հովսեփյանը, Շահեն Աբաղյանը և Արսեն Ղազարյանը, հայրենիք վերադարձան ձեռնունայն: Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Խիթարյանն ամփոփեց  անցած առաջնությունը:

«Քանի որ Շահեն Աբաղյանը Եվրոպայի առաջնության մրցանակիր էր,  նրան պետք է հնարավորություն տայինք: Նա արեց ամեն ինչ` իր ուժերի հնարավորության սահմաններում: Մենք տեսանք, որ Շահենի մոտ ինչ որ տեղ բացակայում է տեխնիկական բազան: Վահագն Հովսեփյանի մոտ կարծես կրկնվեց նույնը, ինչ Եվրոպայի առաջնությունում էր: Ղազախ մրցակցի հետ գոտեմարտում պարտվեց յուկոյով: Կարծում եմ մարզիչներն էլ ինչ որ տեղ մտածելու բան ունեն: Արսեն Ղազարյանը իր մարզական գագաթնակետին հասավ մեծահասակների աշխարհի առաջնության ժամանակ, և դրանից հետո անկում ապրեց։ Ցավոք,  այստեղ ևս անկումը շարունակվում էր: Մյուսների նման, նա էլ մեկ գոտեմարտ հաղթեց, այնուհետև պարտվեց։ Քանի որ մեր մարզիկներից ոչ ոք չէր մտել քառորդ եզրափակիչ, նրանց չհաջողվեց պայքարել բրոնզե մեդալի համար։ Մեր մարզաձևում անակնկալներ շատ են լինում։ Մրցակցությունը շատ մեծ է, ակնհայտ առաջատարները կարող են մնալ առանց մեդալի»,-ՀԱՕԿ լրատվականի լրագրողի հետ զրույցում ասաց Խիթարյանը:

Ձյուդոյի աշխարհի երիտասարների առաջնությանը մասնակցում էին աշխարհի 82 երկրի 555 մարզիկ:

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ