Մելանյա Ստեփանյան. Մեզ պարզապես չթողեցին օլիմպիական խաղեր

15:00 - 01 Հոկ, 2017

Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում մեկնաբանեց Գերմանիայի Օբերսդորֆ քաղաքում կայացած Nebelhorn Trophy 2017 վարկանիշային մրցաշարի արդյունքները:

«Խոսքեր չունեմ: Շատ դժվար է խոսել կատարվածի մասին: Մեզ պարզապես չթողեցին ձմեռային օլիմպիական խաղեր: Մեր մարզիկների ելույթներից հետո բոլորը մեզ շնորհավորում էին, բայց մրցավարներն այլ կարծիքի էին: Անաստասիան եւ Թինան արտասվում էին անարդարության պատճառով: Մարզիկների տարիների աշխատանքը ջուրն ընկավ:

Ինչպես գիտեք, յուրաքանչյուր մրցաձեւում խաղարկվում էր վեցական ուղեգիր: Իրավիճակն այսպիսին է. Անաստասիան 8-րդն է, բայց Գերմանիան ներկայացնող գեղասահորդուհին (4-րդ տեղ) արդեն օլիմպիական վարկանիշ ուներ  եւ հանդես էր գալիս մրցակցությունից դուրս: Այսպիսով, Նաստյան առաջին պահեստային է, այն դեպքում, եթե որեւէ մեկը չկարողանա հանդես գալ օլիմպիական խաղերում:

Թինա Կարապետյան/Սիմոն Պրու Սենեկալ պարային զույգը 8-րդ հորիզոնականում է: Նրանց նախորդում են Սլովակիայի եւ Լիտվայի զույգերը: Սա նշանակում է երկրորդ պահեստայինի կարգավիճակ, չնայած իմ տեղեկություններով այդ զույգերից առնվազն մեկի հետ հնարավոր է՝ Խաղերին մասնակցելու փաստաթղթերի ձեւակերպման հետ կապված խնդիրներ առաջանան: Ամեն դեպքում հույսներս դնում ենք  սպորտային բախտի վրա»,-ասաց Մելանյա Ստեփանյանը:

Այլ նորություններ