Դավիթ Թորոսյան. Ցանկանում եմ` Բաչկովն աշխարհի չեմպիոն դառնա

16:06 - 15 Օգո, 2017

Օգոստոսի 5-ից 17-ը բռնցքամարտի Հայաստանի հավաքականը, գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի ղեկավարությամբ Օլիմպավանում ուսումնամարզական հավաք է անցկացնում: Օգոստոսի 25-ից սեպտեմբերի 2-ը Գերմանիայի Համբուրգ քաղաքում կանցկացվի աշխարհի առաջնությունը:

«Համբուրգում երկու մասնակից կունենանք` Կարեն Տոնականյանը (60 կգ) եւ Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովը (64 կգ): Նրանք այդ իրավունքը նվաճել են Խարկովում կայացած Եվրոպայի առաջնությունում: Հավաքներին ընդլայնված կազմով ենք մասնակցում, ներգրավված են մոտ 25 բռնցքամարտիկներ, այդ թվում երկու աղջիկներ` Անուշ Գրիգորյանն ու Անժելիկա Ստեփանյանը: Երկուսն էլ հանդես են գալիս 52 կգ քաշային կարգում, Անժելիկան` պատանիների տարիքային խմբում:

Գոհ եմ բռնցքամարտիկների մարզումներից: Նրանց հաջողվել է լավ մարզավիճակ ձեռք բերել: Հովհաննես Բաչկովը բարդ մրցաշար է անցկացրել Խարկովում, կարծում եմ՝ Համբուրգից առաջ կարողացել է լիարժեքորեն վերականգնվել: Շատ կցանկանամ Բաչկովն աշխարհի չեմպիոն դառնա:

Պայմաններն Օլիմպավանում ուղղակի հրաշալի են: Աշխատում ենք տեխնիկատակտիկական գործողությունների վրա: Կարելի է ասել` ռինգից չենք հեռանում: Համբուրգ կմեկնենք օգոստոսի 21-ին: Կաշխատենք արժանի կերպով ներկայացնել մեր երկիրը միջազգային ասպարեզում»,-ՀԱՕԿ լրատվականին ասաց մարզիչը:

Այլ նորություններ