«ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ»

12:47 - 12 Նոյ, 2025

Առաջիկա ձմեռային օլիմպիական  խաղերի փակման արարողության գլխավոր շարժառիթները կլինեն աթլետիզմը, մշակույթը և պատմությունը:

2026թ. փետրվարին կայանալիք  համաշխարհային մարզահանդեսի  կազմկոմիտեն  ներկայացրել է  «Գեղեցկությունը գործողության մեջ» անվանումով  հայեցակարգը: Այն  կենտրոնանում է օլիմպիական շարժման պատմության  պահերի վրա՝  տարբեր դրսևորումներով, որտեղ արտացոլված է  սպորտի, մշակույթի և երկրի պատմության միասնությունը:

25 –րդ ձմեռայինի փակման արարողությունը տեղի կունենա Վերոնայի հին հռոմեական ամֆիթատրոնում, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում է: Այն հիմա օգտագործվում է որպես ներկայացումների վայր և հյուրընկալում է  տարբեր փառատոներ ու թատերական հանդեսներ: Օլիմպիական խաղերին նախապատրաստվելուն թատրոնի վերանորոգման համար ներդրվել է 18 միլիոն եվրո։

Կազմակերպիչները նշում են, որ իրենց ոգեշնչել են իտալական պատմությունն ու արվեստը: Շոուն կմիավորի օպերան, բալետը, երաժշտությունը, դիզայնը, կինոն և ժամանակակից տեխնոլոգիաները՝ համատեղելով ավանդույթն ու նորարարությունը:

Արարողության ժամանակ ելույթ կունենա համաշխարհային ճանաչում ունեցող, Միլանի «Լա Սկալա» բալետի  թատրոնի մենակատար  Ռոբերտո Բոլլեն:

Միլանի ստուգատեսի փակման արարողության համար օգտագործված բեմի դիզայնը ոգեշնչված է ջրի կաթիլից։ Այդպես  կազմակերպիչները ընդգծում են  դրա կարևորությունը, քանի որ ջուրը, ինչպես ձյունն ու սառույցը, ձմեռային օլիմպիական խաղերի անբաժանելի մասն են  կազմում։

Արժե նշել, որ Վերոնայի թատրոնը  տեղավորում է 15,000 հանդիսական:  

Այլ նորություններ