Գեւորգ Ալեքսանյան. Մինչեւ աշխարհի առաջնությունն Արթուրը պետք է նոր կանոններով գոտեմարտելու փորձ ունենար

22:46 - 12 Մայ, 2017

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի մասնակցությունը հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը, մինչեւ վերջին պահը հարցականի տակ էր։ Սակայն ըմբիշն ու մարզիչները որոշեցին ստուգատեսը բաց չթողնել։ Անձնական մարզիչ  Գեւորգ Ալեքսանյանի խոսքով, դա Արթուրին անհրաժեշտ էր մինչեւ աշխարհի առաջնությունն ըմբշամարտի նոր կանոններին հարմարվելու համար։ Մարզիչը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նշեց, որ Արթուրը վաղը կմեկնի հանգստանալու, որից հետո կվերադառնա մարզումներին.

«Վնասվածքներն Արթուրին խանգարել էին այս տարի միջազգային մրցաշարերի մասնակցել, իսկ աշխարհի առաջնությունից առաջ հարկավոր էր նոր կանոններով գոտեմարտել: Եկանք ընդհանուր հայտարարի եւ Արթուրը մասնակցեց Եվրոպայի առաջնությանը:

Իհարկե, վնասվածքը խանգարեց, կար նաեւ հոգեբանական գործոնը. ինը ամիս չէր մասնակցել մրցումների: Կարծում եմ` նա հաղթահարեց այդ ամենը եւ հանդես եկավ ավելի լավ, քան պատրաստ էր այդ պահին:

Գոտեմարտերի ընթացքում ցավերն ուժեղանում էին: Նա պետք է լավ հանգստանա, իսկ վերականգնվելու համար` նորից բժշկական կուրս անցնի»,-ասաց Գեւորգ Ալեքսանյանը:

Մարզչի խոսքով, փոփոխություններից հետո գոտեմարտերը կորցրել են դիտարժանությունը.

«Բոլոր կանոններով էլ հնարավոր է գոտեմարտել: Առանց չորեքթաթ դրության, հնարքներն ու միավորները քիչ եղան: Պետք է այս կանոնադրությանը համապատասխան տակտիկա մշակել, անել այնպես, որպեսզի կանգնած դիրքից գործողություն կատարելով հասնել չորեքթաթ դրության»,- նշեց օլիմպիական չեմպիոնի հայրը:

Այլ նորություններ