ԿՎԵՐԱԴԱՌՆԱ ՈՐՊԵՍ ԵՌԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ

11:37 - 14 Փետ, 2024

Ավելորդ է նշել, որ Բուխարեստի մրցագորգերի վրա գոտեմարտող ըմբիշների գործողությունները ինչպիսի ոգևորություն են առաջացնում հանդիսականների մոտ: Բայց արժե հիացմունքով խոսել Հայաստանի պատվիրակ Մալխաս Ամոյանի վարպետ կատարումների մասին: Հենց այն, որ չեմպիոնության համար կայացած 77 կգ քաշայինների վճռական մենամարտում նա աշխարհի և Եվրոպայի բազմակի մրցանակակիր,  փորձառու թուրք  Յուսուն Բաշարին ոչ միայն զրկեց նրա  երազած ոսկե մեդալից, այլև հաղթեց խոշոր, այն էլ չոր հաշվով ՝ 7 : 0:

Սա նշանակում է, որ երևանցի Մալխաս Ամոյանը երրորդ անգամ անընդմեջ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն և նրա վարպետության շարունակությունը կտեսնենք Փարիզի օլիմպիական խաղերում:

Չգիտենք ով ինչպես, բայց մեր հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը և մասնավորապես նրա հետ մարտավկայի դերում հանդես եկած Մալխասի հորեղբայր, հունահռոմեական ըմշամարտի մեծանուն վարպետ Ռոման Ամոյանը  գոտեմարտի ամբողջ ընթացքում ժպիտով,  բարձր տրամադրությամբ էին հետևում մեր արդեն եռակի ոսկե դափնեկրի գործողություններին:

Հունահռոմեական ըմբշամարտի մրցաշարում մեր երկիրն ունեցավ երկրորդ մեդալակիրը: Նա 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանն է, ով երիտասարդականից հետո իր նորամուտը ազգային հավաքական նշանավորեց բրոնզե մեդալով:

Շնորհավորում ենք մեր մեդալակիրներին և նրանցից ակնկալում նոր հաղթանակներ:

Զինվենք համբերությամբ և այսօր երեկոյան հետևենք աշխարհահռչակ Արթուր Ալեքսանյանի վճռական մրցելույթին:

 

Այլ նորություններ