Օլիմպիական խաղերի մեդալ նվաճելու համար սպորտային բախտ էլ է պետք. Կարեն Աղամալյան

13:00 - 11 Հուլ, 2016

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ Օլիմպիական խաղերին մասնակցելու է 5 բռնցքամարտիկով: Շատերի, ինչպես նաև հենց հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի համար, այս արդյունքն անսպասելի էր, սակայն ինչպես ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նշեց Աղամալյանը՝ ախորժակն ուտելիս է բացվում:


-Պարոն Աղամալյան, Ռիո-2016-ին Հայաստանը ներկայացնելու են 5 բռնցքամարտիկ. սպասվա՞ծ արդյունք էր:

-Եթե անկեղծ ասեմ՝ ոչ: Բայց, ինչպես ասում են, ախորժակն ուտելիս է բացվում: Տղաներն իրենց շատ լավ դրսևորեցին: Շատ ուրախ եմ Բաչկովի համար: Ի սկզբանե վստահ էի, որ նա ուղեգիր ձեռք կբերի:

-Բաչկովն ուղեգիր նվաճեց պրոֆեսիոնալների համար անցկացվող վարկանիշային մրցաշարում: Ինչպե՞ս առաջացավ նրան Կարակաս ուղարկելու միտքը:

-Բաչկովը հնարավորություն չունեցավ երկրորդ վարկանիշային մրցաշարին մասնակցել, քանի որ այն Բաքվում էր անցկացվում: Նրանից բացի կային մի քանի հայ մարզիկներ, ովքեր տարբեր երկրներ են ներկայացնում, նրանք նույնպես չէին կարողացել մեկնել Բաքու: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն և Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան դիմել էին Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիային (AIBA), որպեսզի թուլտվություն ստանան Բաչկովի համար: Նույն կերպ վարվել են նաև մնացածը:

-Ուղեգիր նվաճած տղաներից երկուսը՝ Նարեկ Աբգարյանն ու Արամ Ավագյանը,  Ձեր սաներն են: Խնդրում եմ պատմեք Ձեր և նրանց առաջին հանդիպման մասին:

-Նարեկը 12 տարեկան էր, երբ առաջին անգամ տեսա նրան: Ճարպիկ և շարժուն երեխա էր: Երկար ժամանակ չէր կարողանում իրեն դրսևորել: Սառույցը կոտրվեց Սամսունի վարկանիշային մրցաշարում: Հուսով եմ, որ ավելի լավ կլինի: Նա բռնցքամարտի համար է ծնվել: Արամն արդեն երկար տարիներ մարզվում էր, երբ եկավ ինձ մոտ: Աշխատասեր, լուրջ, կայուն և խելացի տղա էր:

-Պարոն Աղամալյան, նկարագրեք Օլիմպիական խաղերին մասնակցող հայ բռնցքամարտիկներին:

-Արթուր Հովհաննիսյան՝ խիզախ, նպատակասլաց, ուժեղ: Նարեկ Աբգարյան՝ խորամանկ, տեխնիկապես հարուստ բռնցքամարտիկ, լավ տղա: Արամ Ավագյան՝ կիրթ, խելացի, գիտի ինչ, որտեղ, երբ: Հովհաննես Բաչկով՝ «երկաթյա» բռնցքամարտիկ, լավ տղա: Վլադիմիր Մարգարյան՝ ժպտերես և լավ տղա:

-Յուրաքանչյուր թիմում կա մարդ, ով իր հետևից տանում է թիմը: Ո՞վ է այդ անձնավորությունը Ձեր հավաքականում:

-Պարտադիր չէ, որ այդ մեկը լինի ամենաուժեղը: Այս 5 մանակիցներից «ավագ»-ի դերը կարող է Արամը տանել:

-Վերադառնանք Ռիո-2016-ին: Խաղերին մասնակցելու են նաև պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներ: Արդյո՞ք դժվար չի լինի նրանց դեմ պայքարելը:

-Իմ կարծիքով՝ պրոֆեսիոնալները շատ բարձրակարգ մարզիկներ չեն: Բաչկովի հաղթանակը վառ օրինակ է:

-Պարոն Աղամալյան, տղաների ելույթների օրերը շատ հեռու են իրարից: Արդյո՞ք այդ տեսակ ժամանակացույցը  խնդիրներ չի առաջացնի:

-Դա իսկապես շատ անհարմար է մեզ համար: Տղաների ելույթների օրերը իրարից բավականին հեռու են: Ամբողջ ընթացքում նրանք պետք է իրենց քաշը պահեն, իսկ դա բարդ կլինի: Պետք է շատ պրոֆեսիոնալ մոտենալ այս հարցին:

-Ի՞նչ է պետք մարզիկին Օլիմպիական խաղերում մեդալ նվաճելու համար:

-Օլիմպիական խաղերը հոգեբանական տեսանկյունից շատ են տարբերվում  մնացած մրցաշարերից: Շատ դեպքեր են եղել, որ աշխարհի առաջնությունների բազմակի մրցանակակիրները Խաղերում մնացել են առանց մեդալների: Պետք է կենտրոնանալ հենց այդ մրցաշարի վրա: Օլիմպիական խաղերի մեդալ նվաճելու համար սպորտային բախտ էլ է պետք:

-Ի՞նչ ծրագրեր ունեք մինչև Ռիո-2016-ը:

-Կիևից նոր ենք վերադարձել: Այնտեղ շատ օգտակար հավաք անցկացրինք: Մինչև հուլիսի 11-ը կլինենք Ծաղկաձորում, այնուհետև՝ 15-22-ը, կգնանք Աբովյան, որտեղ ավելի շատ ձեռնոցներով կաշխատենք, իսկ 25-ին կմեկնենք Ռիո: 2 օր կլիմային կհարմարվենք և կշարունակենք նախապատրաստվել:

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ