ՆՎԻՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

12:57 - 19 Փետ, 2024

Ընդամենը 5 – 6 տարի առաջ մտորում էինք, ազատ ըմբշամարտում  ունենալ առաջատար վարպետներ: Այդ ցանկությունը արդեն դարձել է իրականություն: Անշուշտ, դա մեր մասնագետների նպատակային, նվիրական աշխատանքի արդյունք է: Տարիքային տարբեր խմբերի հետ աշխատող մարզիչների գործը ցանկալի պտուղներ է տալիս: Այնուամենայնիվ վերջնարդյունքը գնահատվում է ազգային հավաքականի պատկերով:

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ՀՀ հավաքականը նվաճեց երեք մեդալ:

Փառահեղ մրցելույթներ ունեցավ և հին աշխարհամասի ուժեղագույնի կոչումը չորրորդ անգամ նվաճեց մասիսցի 23 –ամյա Արսեն Հարությունյանը / 57 կգ /:  Նրա վարպետության բարձր աստիճանի մասին վկայեց թուրք Մուհամեդ Կարավուսի հետ կայացած վերջին ՝ ոսկե մեդալի համար մղված պայքարը:

Ճիշտն ասած ակնկալվող լարված գոտեմարտ չկայացավ: Բանն այն է, որ ընդամենր 52 վայրկյանում Արսենը վաստակեց 10  միավոր և բռնցքամարտի լեզվով ասած՝  իր օգտին գրանցեց նոկաուտով տոնած հաղթանակ: Նման պարագայում այլ մեկնաբանություններն ավելորդ կլինեն:

Ծանր ապրումներ ունեցանք 70 կգ քաշայաիններ Արման Անդրեասյանի և վրացի Ակակի Կեմերտելիձեի մասնակցությամբ անցկացված չեմպիոնական մենամարտի ընթացքում: Մինչև վերջին պահը առջևում էր մրցակիցը: Այդ միջոցին հաճելի անակնկալ մատուցեց Արմանը: Նա կայծակնային արագությամբ  իրար հաջորդած գցումներով վաստակեց ցանկալի միավորներ,  հաղթեց 7 : 3 հաշվով և առաջին անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը: 

Մեր ըմբիշներից առաջին անգամ բրոնզե մեդալակիր դարձավ Մեժլում Մեժլումյանը / 61 կգ/:

Հայաստանի ընտրանին չորրորդը ճանաչվեց թիմային պայքարում:

Վերջին տարիներին ՀՀ ազատ ըմբշամարտի հավաքականի հաջողությունների գործում անգնահատելի է գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի և նրա ղեկավարած մարզչական խորհրդի կատարած շնորհակալ աշխատանքը:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն շնորհավորում է  բոլոր մեդալակիրներին և հույս հայտնում, որ մեր արժանապատիվ մարզիկները հայրենիքը պատվով կներկայացնեն առաջիկայում կայանալիք փարիզյան մարզահանդեսում:

Այլ նորություններ