
Գովելի ավանդույթ է ստեղծել ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան: Կազմակերպությունը հիմնել է << Ամսվա լավագույն մարզիկ >> անվանակարգը: Հերթական ՝ մայիս ամսի հունահռոմեական ոճի լավագույն մարզիկ է ճանաչվել Հայաստանի պատանեկան հավաքականի անդամ, էջմիածինցի Ջանես Նազարյանը:
Հեռակապով զրուցեցինք Ջանեսի անձնական մարզիչ Գոռ Աբգարյանի հետ. << Սանս Արտիմեդ գյուղի բնակիչ է, 11- րդ դասարանի աշակերտ է, - ասաց մարզիչը: - Նպատակ ունի դպրոցն ավարտելուց հետո դառնալ ֆիզկուլտուրային մայր բուհի ուսանող:
Նախորդ ամսին Բուլղարիայի Սամոկով քաղաքում դարձավ Եվրոպայի պատանիների չեմպիոն. հաջորդաբար ծնկի բերեց Ռումինիայի՝ 6:0, Մոլդովայի՝ 8:0, Ռուսաստանի՝ 9:0, Իտալիայի՝ 10:0 և վերջապես Վրաստանի՝ 4:0 պատվիրակներին ու ընդհանուր՝ 37 : 0 ջախջախիչ հաշվով հաղթանակներ գրանցեց ու կանգնեց պատվո պատվանդանի վերին աստիճանին:
Մեր մարզաձևում Ջանեսը ուզում է նմանվել իր կուռքին: Նա հայաստանցի աշխարհի առաջին չեմպիոն, էջմիածինցի Ռուբիկ Կարապետյանն է: Իհարկե, նրա գոտեմարտերին ականատես չի եղել. նույնիսկ՝ ծնված էլ չի եղել: Բայց մարզիչներիս պատմածով տպավորվել է շնորհալի պատանին: Գործնական մարզումների ժամանակ հաճախ ենք ցուցադրել, նմանակումներ արել ընկեր Ռուբիկի կատարած գցումներին, անկրկնելի գլորումներին, չորեքթաթ վիճակում մրցագորգին << սոսնձվելու >> հատկանիշներին և այլն:
Ի դեպ, Ջանեսն անցյալ տարի կրկնեց իր կուռքի նվաճումը՝ դառնալով աշխարհի պատանիների չեմպիոն . . . >> :
Բավարարվենք այսքանով և սպասենք շնորհաշատ ըմբիշի գալիք հաջողություններին:
Լուսանկարում՝ չեմպիոնն ու մարզիչը: