
Բասկետբոլի սիրահարները համակ ուշադրությամբ հետևեցին Հայաստանի չեմպիոնին որոշող / Պրոբասկետ Ա-լիգա / «Ուրարտու» - «Հատիս» թիմերի միջև կայացած վճռական մրցամարտերին:
Հիշեցնենք, որ առաջին խաղում հաղթել էր «Ուրարտուն»՝ 86:71:
Թիմերի երկրորդ հանդիպումը շահեցին հատիսցիները՝ 94:90:
Գրանցված հաշիվները վկայում են, որ թիմերի միջև ծավալվել է արտասովոր լարված և դիտարժան պայքար: Խաղացողները ներդրել են իրենց բոլոր ունակությունները, ցուցադրել տեխնիկական հնարքների ամբողջ զինանոցը: Այդ որակները և բովանդակալից դրվագները հիացմունք են պատճառել ներկաներին: Շատերը նույնիսկ խաղավարտից հետո մի տեսակ ափսոսանքով, դանդաղորեն հեռացան սպորտի կառավարման կենտրոնի մարզապալատից:
Երկու խաղերի ընդհանուր արդյունքով / միավորների հաշվարկով / ՀՀ չեմպիոնի պատվին արժանացավ «Ուրարտուն» և այդ առթիվ շնորհավորում ենք թիմի հիմնադիրներին,խաղացողներին,մարզիչներին . . .
Երկրորդ հանդիպման ամենաարժեքավոր խաղացող (MVP) ճանաչվեց «Ուրարտուի» բասկետբոլիստ Ուիլյամ Փոլ Հենդերսոնը։ Նա վաստակեց 24 միավոր, կատարեց 16 ռեբաունդ և մեկ արդյունավետ փոխանցում։
Եզրափակիչ խաղերի ավարտից հետո հայտնի են դարձել նաև մրցաշրջանի լավագույնները.
Ամենաարժեքավոր խաղացող (MVP) — Ջորդան Թիլմոն («Ուրարտու»)
Լավագույն խաղարկող (PG) — Ջամալ Քաննադի («Հատիս»)
Լավագույն պաշտպան (SG) — Դանիել Կիրակոսյան («Ուրարտու»)
Լավագույն թեթև հարձակվող (SF) — Ջորդան Սթաֆֆորդ («Օլիմպավան»)
Լավագույն ծանր հարձակվող (PF) — Դավիթ Խաչատրյան («Հատիս»)
Լավագույն կենտրոնական (C) — Դի Ջեյ Բեյզի («Ուրարտու»)
Լավագույն մարզիչ — Լուկա Ֆիլիպչևիչ («Ուրարտու»)
Լավագույն երիտասարդ խաղացող (YP) — Արթուր Ավագյան («Օլիմպավան»)
Լավագույն թիմ մենեջեր — Արամ Հունանյան («Օլիմպավան»)