«ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ»

15:17 - 23 Փետ, 2026

Իտալիայի Վերոնա քաղաքի անտիկ ամֆիթատրոնում տեղի է ունեցել Միլան Կորտինա - 2026 ձմեռային 25 –րդ օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողությունը: 

Արենա դի Վերոնան Եվրոպայի ամենաճանաչելի պատմական ամֆիթատրոններից մեկն է, որը կառուցվել է ավելի քան երկու հազար տարի առաջ և ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։

Ձմեռային օլիմպիական խաղերի պատմությունում  առաջին անգամ փակման արարողությունը կայացել է  այդքան հինավուրց  տարածքում, որը կազմակերպիչները վերափոխվել էին  ժամանակակից բեմի։

Շոուն կրում էր  «Գեղեցկությունը գործողության մեջ» անվանումը՝  նվիրված սպորտի, արվեստի և բնության փոխազդեցությանը: Կազմակերպիչները նշել են, որ իրենց նպատակն է եղել Իտալիան ներկայացնել  որպես մշակութային ժառանգությունն ու արդիականությունը միավորող երկիր։

Հանդիսությանը մասնակցել են  ավելի քան 800 արվեստագետներ: Ներկայացման համար ստեղծվել էր յուրատեսակ  բեմ՝ LED լուսավորությամբ, իսկ արտիստների զգեստները ոգեշնչված են եղել  իտալական օպերայի ավանդույթներով։

Երաժշտական և պարային համարները ուղեկցվել են լուսային էֆեկտներով և ամֆիթատրոնի պատմական թունելների օգտագործմամբ, որտեղից  դուրս են եկել արտիստները՝ ստեղծելով պատմական կենդանի  հուշարձանի ազդեցություն։

ՄՕԿ –ի ղեկավար Քրիստի Քովենտրին  իր  ելույթում ասել է. «Շնորհակալություն մարզիկներին, կազմակերպիչներին, երկրի իշխանություններին, քաղաքներին, որոնք հյուրընկալել էին  խաղերը: Դուք միջոցառումը հասցրել եք նոր մակարդակի և կարող եք հպարտանալ  դրանով։

Շնորհակալություն բոլոր միջազգային մարզական ֆեդերացիաներին, մեր գործընկերներին, հեռարձակողներին, կամավորներին . . . 

Հուսով եմ, որ մենք ոգեշնչել ենք շատ մարդկանց։ Մի փոքր տխուր եմ, բայց շատ հպարտ՝  հնչեցնել այս խոսքերը.  Միլանի և Կորտինա դ'Ամպեցոյի օլիմպիական խաղերը հայտարարում եմ փակված։ Կհանդիպենք 2030թ. Ֆրանսիայի Ալպերում»։

Ավանդույթի համաձայն,  արարողության հիմնական մասի ավարտին, օլիմպիական օրհներգի կատարումից հետո իջեցվել է խաղերի դրոշը,  որից հետո այն հանձնվել է  հաջորդ՝ 2030թ. ձմեռային  օլիմպիական խաղերի հյուրընկալող երկիր Ֆրանսիային։

Մեդալների ոչ պաշտոնական հաշվարկով առաջին տեղն է զբաղեցրել Նորվեգիայի հավաքականը՝ 18 ոսկե, 12 արծաթե և 11 բրոնզե մեդալ: Հաջորդել են ԱՄՆ –ի   (12,  12 , 9 ) և   Նիդեռլանդների (10, 7, 3) թիմերը:

 

Այլ նորություններ