
Երևան – Վիենա – Բելգրադ չվերթով այսօր ուսումնամարզական հավաքի մեկնեց Հայաստանի աթլետիկայի ընտրանին: Գլխավոր մարզիչ Գրիգոր Բարսեղյանը, իր երեք գործընկերների հետ, Բելգրադում դեկտեմբերի 8 – 22 –ը կայանալիք մարզումների է ուղեկցել Գյումրի, Վանաձոր, Արտաշատ,Կապան քաղաքները ներկայացնող տասը մարզիկների: Նրանք վազորդներ և ցատկորդներ են:
Մեկնելուց առաջ գլխավոր մարզիչը հետևյալն ասաց. << Այդ միջոցառումը չափազանց կարևոր է: Կուզեինք մարզումներն անցկացնել մեզանում: Բայց աշխարհի միակ երկիրը Հայաստանն է, որի նույնիսկ մայրաքաղաքը չունի գոնե մեկ ծածկած մարզադահլիճ: Իսկ առջևում աթլետիկայի կարևոր ստուգատեսներ կան: Նշենք հունվարին Վանաձորում կայանալիք Լոռվա ֆեդերացիայի նախաձեռնությամբ ավանդաբար անցկացվող հանրապետական բաց մրցաշարը, որը ընտրական բնույթ է կրում: Կհաջորդեն տեղական ու միջազգային մրցաշարերը, տարիքային տարբեր խմբերի մարզիկների մասնակցությամբ Բալկանյան երկրների առաջնությունը, դրանց հաջորդող Լեհաստանում մարտին նշանակված ծածկած մարզադահլիճների աշխարհի առաջնությունը . . . >>: