
<< Բրիսբեն -2032 >> -ի կազմկոմիտեն պաշտոնապես ներկայացրել է ամառային 35 –րդ խաղերի տեսլականը՝ հավատալ, պատկանել, դառնալ, որը սահմանում է Ավստրալիայում նախատեսված օլիմպիական և պարալիմպիկ խաղերը ուղղորդող նպատակը։
Լայնածավալ խորհրդակցությունների միջոցով տեսլականի ձևավորմանը նպաստել են ավելի քան 6000 ավստրալացիներ, այդ թվում՝ շուրջ 3000 մարդ՝ Քվինսլենդից, որը մարզահանդեսը հյուրընկալող նահանգն է։
Տեսլականը շեշտը դնում է հավատի, պատկանելության և դառնալու վրա՝ արտացոլելով սպորտի ուժը, ներառականությունը, հնարավորությունները և ազգային ինքնությունը: Այն ուրվագծում է, թե խաղերը ինչպես կարող են ոգեշնչել համայնքներին, ամրապնդել ազգային հպարտությունը և երկարատև օգուտներ բերել երկրին:
Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) << Բրիսբեն - 2032 >> -ի համակարգող հանձնաժողովի նախագահ Միքաելա Ջավորսկին ողջունել է կազմակերպիչների մոտեցումը. <<Տեսլականը համարձակ է և արտացոլում է Քվինսլենդի բնակիչների ջերմությունն ու դինամիզմը, որով նրանք պատրաստվում են աշխարհին ներկայանալ իրենց խաղերով >>, - ասել է նա։
Հիմնական համոզմունքներն են` հավատալ սպորտի ուժին և ավստրալական ոգուն: Դրանք միասին բացահայտում են անսահման ներուժ, համառություն՝ առաջ գնալու համար:
Պատկանել՝ որտեղ բոլորը ողջունում են համաշխարհային գլխավոր մարզահանդեսը, որին գովաբանում, որով ուրախանում է ամեն ոք:
Դառնալ՝ օգտագործելով խաղերի կախարդանքը՝ դառնալ ավելի ուժեղ՝ նոր և հետաքրքիր դարաշրջան մտնելու համար։
2032 թ. օլիմպիական խաղերը նախատեսված են հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը, որին կհաջորդի պարալիմպիկը՝ օգոստոսի 24-ից սեպտեմբերի 5-ը։