
IBA բռնցքամարտի տղամարդկանց աշխարհի առաջնության կազմակերպիչները մրցումների մեկնարկը մեկ օրով հետաձգել են։ Այն նախատեսված էր սկսել դեկտեմբերի 3-ին, սակայն մասնակիցները ռինգ կելնեն դեկտեմբերի 4-ին: Պատճառն այն է, որ Ղրղզստանի մարզիկների վիզաները ուշացել են: Այսօր նշանակված է վիճակահանությունը:
Դուբայում, երեկ ՝ դեկտեմբերի 2-ին, տեղի ունեցավ աշխարհի 23-րդ առաջնության բացման արարողությունը։ Ամսաթիվը համընկավ ԱՄԷ ազգային օրվա՝ 1971թ. այդ պետության հիմնադրման տարեդարձի հետ։
Հայաստանի պատվիրակության դրոշակակիրը թիմի ավագ, աշխարհի 2021թ. առաջնության բրոնզե մեդալակիր Դավիթ Չալոյանն էր:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը գլխավոր մարզիչ Ռուդիկ Մկրտչյանի ղեկավարությամբ կմասնակցի հետևյալ կազմով. Բարեղամ Հարությունյան (48 կգ), Ռուդոլֆ Գարբոյան (51 կգ), Դավիթ Եգորյան (54 կգ), Ժիրայր Սարգսյան (57 կգ), Արթուր Բազեյան (60 կգ), Նարեկ Հովհաննիսյան (63,5 կգ), Արմեն Մաշակարյան (67 կգ), Արարատ Հարությունյան (71 կգ), Վախթանգ Հարությունյան (75 կգ), Արտուշ Հովհաննիսյան (80 կգ), Ռաֆայել Հովհաննիսյան (86 կգ), Նարեկ Մանասյան (92 կգ) և Դավիթ Չալոյան (+92 կգ):