ԱԿՆԿԱԼՎՈՒՄ Է ԹԵԺ ՊԱՅՔԱՐ

11:27 - 02 Հոկ, 2025

Այսօր լուսադեմին Նորվեգիայի ֆյորդե քաղաք մեկնեց ՀՀ ծանրամարտի հավաքականը: Գլխավոր մարզիչ  Փաշիկ Ալավերդյանի սաները կմասնակցեն աշխարհի հերթական  առաջնությանը: Ստուգատեսին հայտավորված է ավելի քան 400 մարզիկ – մարզուհի: Նրանց թվում են օլիմպիական խաղերի, աշխարհի և մայրցամաքային առաջնությունների բազմաթիվ  չեմպիոններ ու մրցանակակիրներ:

Հետաքրքիր է, որ ծանրահարթակ կելնեն  նաև տարիքային տարբերությամբ պապ և թոռ հիշեցնող մարզիկներ: Նշենք քուվեյթցի 60 կգ քաշային, 14 –ամյա Մոհամմեդ Ալուտաբիին և չեխ գերծանրքաշային, 40 –ամյա Կամիլ Կուչերայի անունները:

Առաջատարներ կան բոլոր քաշային կարգերում: Մեդալների իրական հավակնորդ են համարվում նաև մեր երկրի պատվիրակները: Նրանք, անշուշտ,  մարտական տրամադրությամբ կելնեն ծանրահարթակ:

Վաղը ՝ հոկտեմբերի երեքին, երկաթախաղի հայաստանցի վարպետներից  առաջինը  պայքարի  կելնի Գառնիկ Չոլակյանը (60 կգ): Նրա ելույթը նշանակված է Երևանի ժամանակով 21:30-ին:

Ներկայացնենք մեր մյուս ծանրորդներին և նրանց  մրցումային ժամանակացույցը.   

05.10՝ ժամը 21:30 Գոռ Սահակյան (71 կգ)
07.10՝ ժամը 19:00 Սուրեն Գրիգորյան (88 կգ)
08.10՝ ժամը 17:00 Աննա Ամրոյան (77 կգ, B խումբ)
10.10՝ ժամը 21:30 Սիմոն Մարտիրոսյան, Գարիկ Կարապետյան (110 կգ)
11.10՝ ժամը 18:00 Վարազդատ Լալայան (+110 կգ):

 

 

Այլ նորություններ