
ՄՕԿ –ի նախագահ Քիրսթի Քովենթրիի գլխավորած պատվիրակությունը իտալիայում աշխատանքային եզրափակիչ հանդիպումն է անցկացնում << Միլան Կորտինա - 2026 >> ձմեռային խաղերի համակարգող հանձնաժողովի և կազմկոմիտեի անդամների հետ:
Ներկաները ընդգծել են կատարված գործերի առաջընթացը և երկրպագուների ու մարզիկների ներգրավվածության կենտրոնացումը: Մարզահանդեսի նկատմամբ ոգևորությունը շարունակում է աճել։
Աշխատանքային խմբի անդամները նշել են նաև սպասվող մարտահրավերների մասին:
Հայտնի է, որ 25 –րդ ձմեռայինի ջահի փոխանցավազքը կմեկնարկի Հունաստանում՝ նոյեմբերի 26-ին։ Կրակը դեկտեմբերի չորսին կհանձնվի Իտալիայի ներկայացուցիչներին, որից հետո այն երկու ամսում երկրով կանցնի շուրջ 12 հազար կիլոմետր:
Միջոցառումների համար նախատեսված 1.5 միլիոն տոմսից վաճառվել է գրեթե 800,000-ը:
Հանձնաժողովի անդամները նաև շրջայց են կատարել Միլանի օլիմպիական գյուղում և մարզահամալիրներում:
Նշենք, որ << Միլանո Կորտինան >> առաջին ձմեռային խաղերն են, որոնք ձևավորվել են ՄՕԿ –ի օլիմպիական օրակարգի բարեփոխումներով:
Գրանցված առաջընթացը պայմանավորված է շահագրգիռ կողմերի և գործընկերների հետ համագործակցությամբ:
Ձմեռային մարզահանդեսի մայրաքաղաքները կլինեն Կորտինա դ'Ամպեցոն, որն արդեն հյուրընկալել է մրցումները 1956թ. և Միլանը։ Բացի այդ, որոշ մրցումներ կկայանան Վալ դի Ֆիեմմեում, Անտերսելվայում, Բորմիոյում և Լիվինյոյում։
<< Միլան Կորտինա - 2026 >> ձմեռային օլիմպիական խաղերը տեղի կունենան փետրվարի 6-22-ը, որին կհաջորդի պարալիմպիկը՝ մարտի 6-15-ը: