Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշներից առաջինը աշխարհի չեմպիոնի պատվին է արժանացել / 1982թ. / երևանցի Բենուր Փաշայանը: Նա նվաճումը կրկնել է նաև հաջորդ մրցաշրջանում:
Բենուրը Լոս Անջելեսի օլիմպիական խաղերի / 1984թ. / հաղթողի իրական հավակնորդ էր համարվում: Եվ նա կկանգներ չեմպիոնական աստիճանին, եթե ԽՍՀՄ –ը և ընդհանրապես սոցիալիստական երկրները չբոյկոտեին համաշխարհային այդ գլխավոր մարզահանդեսը:Փոխարենը Մոսկվայում կայացած բարի կամեցողության խաղերում / ДРУЖБА - 84 / Բենուրը գետնեց աշխարհի ուժեղագույն մարզիկներին, հռչակվեց չեմպիոն և ճանաչվեց մրցաշարի լավագույն ըմբիշ:
Մրցագորգի հայ վարպետն ընդհանրապես տարիքային բոլոր խմբերի մրցաշարերում միշտ հաղթող է ճանաչվել: Ժամանակի ամենահեղինակավոր մասնագետները նշել են, որ հենց գոտեմարտի ընթացքում, նա նոր հնարքներ ու տարրեր է ստեղծագործել:
Այդ ամենը գնահատելով Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի վարչությունը մարզաձևի հանրապետական ֆեդերացիայի հետ համատեղ կազմակերպել են կյանքին անժամանակ հրաժեշտ տված փառահեղ ըմբիշի հիշատակը հավերժացնող միջազգային ավանդական մրցաշարը:
Մայրաքաղաքի «Դինամո» մարզադահլիճի մրցագորգերի վրա, տանտերերից բացի, այս անգամ իրենց հմտություններն են ցուցադրում նաև Իրանի, Նորվեգիայի, Մոլդովայի, Ֆինլանդիայի, Էստոնիայի, Լեհաստանի, Չեխիայի, Վրաստանի և Բելառուսի շուրջ 140 պատվիրակներ:
Բենուր Փաշայանի հարազատ Երևանի «Դինամո» մարզադահլիճում, այսօր երեկոյան հայտնի կդառնան հուշամրցաշարի հաղթողները:
Առաջինը ճանաչվելու համար կգոտեմարտեն եզրափակիչ մտած հետևյալ զույգերը.
55 կգ` Տիգրան Մինասյան - Մանվել Խաչատրյան,
60 կգ` Գևորգ Ղարիբյան - Հրաչյա Պողոսյան,
63 կգ` Դավիթ Ջոթյան - Արման Վարդանյան,
67 կգ` Սլավիկ Գալստյան - Հայկ Մելիքյան,
72 կգ` Գոռ Խաչատրյան - Ահմադռեզա Մոհսեդ Նեժադ (Իրան),
77 կգ` Ալեքսանդրին Գուտու (Մոլդովա) - Արթուր Ամոյան,
82 կգ` Սեյեդ Ռեզա Ազարշաբ (Իրան) - Աբոլֆազլ Մոհմեդի (Իրան),
87 կգ` Էրիկ Տեր-Մաթևոսյան - Վիգեն Նազարյան,
97 կգ` Հայկ Խլոյան - Թոհիդ Մոհերբիպորաբդեհգա (Իրան),
130 կգ` Արամայիս Հարությունյան - Ռազմիկ Քուրդյան։