ՏԵՍԱԴԱՇՏՈՒՄ ՆԱԵՎ ՊԱՏԱՆԻՆԵՐՆ ԵՆ

15:37 - 24 Հուն, 2025

Նոր մրցաշրջանի աշխատանքները բարձր տրամադրությամբ են սկսել Հայաստանի բադմինթոնիստները: Նրանք առայժմ պարապում են տեղերում: Հիմնական ուշադրությունը բևեռվում է մարզվողների ընդհանուր ֆիզպատրաստականությունը բարելավելու վրա:

Տեխնիկատակտիկական հարցերի ուղղությամբ լուրջ աշխատանքները կսկսվեն փետրվարից: Տեսադաշտում են հատկապես  պատանի մարզիկ –մարզուհիները: Նրանցով համալրված թիմն է առաջինը մասնակցելու մրցումների: Ապրիլին Իտալիայում տեղի կունենա պատանեկան միջազգային մրցաշար: Դրան կհաջորդեն  Երևանում մայիս – հունիս ամիսներին նախատեսված  ՀՀ պատանեկան առաջնությունը և մարզաձևի հանրապետական ֆեդերացիայի նախաձեռնությամբ ավանդաբար անցկացվող համապետական բաց մրցաշարը:

Բադմինթոնիստները նպատակ ունեն մեզանում անցկացվելիք մրցումների մեկնարկից առաջ  եռօրյա ուսումնամարզական հավաք – ճամբար կազմակերպել հայտավորված մասնակիցների համար,  ինչպես որ մարզաձևում մեծ համբավ ունեցող Դանիայում է:

Մարզվում են նաև ազգային հավաքականի ներկայացուցիչները, որոնց ուսումնամարզական հավաքների և մրցումային ծրագրերը դեռևս ճշգրտման փուլում են:

Հարկ է նշել , որ մեզանում բադմինթոն պարապող ավելի քան 300 տղաներն ու աղջիկները վարպետության դասեր են ստանում   Երևանում , Գյումրիում,Վանաձորում, Սպիտակում և Իջևանում գործող խմբերում: Կենտրոնը համարվում է լիովին հիմնանորոգված մայրաքաղաքի համակարգում ընդգրկված բադմինթոնի և թենիսի մանկապատանեկան մարզադպրոցը: Այնտեղ յոթ մարզիչների ղեկավարությամբ մարզվող 13 խմբերը միաժամանակ պարապում են վեց խաղադաշտերում:

Պատանիների ուսումնամարզական գործընթացին ուշադրությամբ հետևում է  հավաքականի ավագ  մարզիչ, անվանի Լիլիթ Պողոսյանը:   

Այլ նորություններ