Մեկնարկում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը

10:00 - 10 Ապր, 2016

Նորվեգական Ֆորդե քաղաքում մեկնարկում է ծանրամարտի Եվրոպայի կանանց և տղամարդկանց առաջնությունը:

Հայաստանի հավաքականները ներկայացել են 15 մարզիկով, որն այս առաջնությունում ամենամեծ ընտրանիներից մեկն է: Մեծ պատվիրակությամբ են ներկայացել նաև Ֆինլանդիայի, Չեխիայի, Հունգարիայի, Իտալիայի, Լեհաստանի և Թուրքիայի թիմերը:

Կանանց հավաքականը` գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանի գլխավորությամբ ներկայացել է 7 ծանրորդով, իսկ Փաշիկ Ալավերդյանի թիմը ներկայացել է 8 ծանրորդով:  Առաջինը պայքարի մեջ կմտնի Աննա Գովելյանը: Ապրիլի  11-ին Գովելյանը կմրցի 53 կգ քաշային կարգի B ենթախմբում:

Ապրիլի 12-ին մեդալների համար կպայքարեն Իզաբելլա Յայլյանը (58 կգ, A խումբ), Վանիկ Ավետիսյանը (69 կգ քաշային, A ենթախումբ) և Ռոստամ Կարապետյանը (69 կգ քաշային, A ենթախումբ):

Հաջորդ օրը Հայաստանի ներկայացուցիչներից կմրցեն 4 մարզիկ: Տղաների պայքարում C ենթախմբում կպայքարի Առաքել Միրզոյանը (85 կգ): 63 կգ քաշային կարգի A ենթախմբում ելույթ կունենա Քրիստինե Պետրոսյանը: Տղաների 77 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի կոչման համար կպայքարեն Անդրանիկ Կարապետյանը և Տիգրան Մարտիրոսյանը:

Ապրիլի 14-ին Աղասի Ազասյանը 85 կգ քաշային կարգի B ենթախմբում և աշխարհի նախկին չեմպիոն Նազիկ Ավդալյանը 69 կգ քաշային կարգի առաջին ենթախմբում կմրցեն լավագույնի կոչման համար:

Ապրիլի 15-ին հայ ծանրորդներից կմրցի Սոնա Պողոսյանը (75 կգ քաշային, A ենթախումբ):

Եվրոպայի առաջնության վերջին օրը հարթակ դուրս կգան ծանր և գերծանր քաշային մարզիկները: Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ) և Գոռ Մինասյանը (+105) տղաների պայքարում կներկայանան A ենթախմբում, իսկ +75 կգ քաշային կարգում մեդալների համար կպայքարեն Հռիփսիմե Խուրշուդյանը և Արփինե Դալալյանը:

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությանն այս տարի մասնակցում են 40 պետության 344 մարզիկ:

Լուսանկարներն՝ այստեղ

Նորվեգիա, Ֆորդե

ՀԱՕԿ լրատվության բաժին 

Այլ նորություններ