
Երևանում շարունակվում է հրաձգության Եվրոպայի առաջնությունը: Մրցումային 3-րդ օրը Հայաստանը կրկին մեդալ նվաճեց. շարժվող թիրախ թիմային խառը (տղամարդ+կին) մրցաձևում:
Լիլիթ Մկրտչյան-Հայկ Մինասյան զույգը մտավ եզրափակիչ, որտեղ մրցեց Վիկտորիա Ռիբալովա-Դանիլո Դանիլենկո / Ուկրաինա / երկյակի հետ: Ավաղ, ոսկու համար պայքարում մերոնք զիջեցին 6:3 հաշվով և արժանացան փոխչեմպիոնի պատվին: Պատվո պատվանդանի երրորդ աստիճանին կանգնեց Աարո Վուրիմա-Իդա Հիկիլաե ֆիննական զույգը:

Ի դեպ, հրաձգության համաշխարհային ֆեդերացիայի նախագահ Լուչիանո Ռոսսին հատուկ պատվոգրով պարգևատրեց մարզաձևի ՀՀ ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանին և գլխավոր քարտուղար Արեգ Սարիբեկյանին` Երևանում ընթացող հրաձգության Եվրոպայի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար :