Կայացավ ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի ԱՕԿ-ների ղեկավարների ռեգիոնալ ֆորումը

13:09 - 29 Սեպ, 2015

Սեպտեմբերի 29-ին Մուլտի Գրանդ հյուրանոցում կայացավ ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի Ազգայի Օլիմպիական Կոմիտեների  ղեկավարների ռեգիոնալ ֆորումը:

Բացման խոսքով ելույթ ունեցավ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, ով շնորհակալություն հայտնեց ներկաներին մասնակցության համար:

«Հարգարժան Պարոն Հիկկե Ֆորումի հարգելի մասնակիցներ, հյուրեր Ուրախ եմ Ձեզ բոլորին տեսնելու Երևանում: Սա իսկապես լավ առիթ է՝ օրակարգային հարցերի շուրջ մտքերի ազատ փոխանակման, կատարված և կատարվելիք աշխատանքների քննարկման համար: Վստահ եմ՝ մեզ բոլորիս սպասում է հետաքրքիր և արդյունավետ աշխատանք: Արագ փոփոխվող և մշտապես նոր մարտահրավերների առաջ կանգնող աշխարհում մեզնից պահանջվելու են շատ ավելի մեծ ջանքեր և իհարկե, նոր մոտեցումներ` հավատարիմ լինելու համար օլիմպիական շարժման գաղարախոսությանը: Մի գաղափարախոսություն, որի հիմքում ընկած է մարդու արժանապատվությունը, հավասարությունը, ազատ և արդար մրցակցությունը: Օլիմպիական գաղափարախոսությունն առաջարկում է ազգերի և պետությունների փոխհարաբերութունների այնպիսի մոդել, որտեղ բացառվում է ազգային, կրոնական, ռասսայական որևէ խտրականություն: Օլիմպիական մեծ ընտանիքը սերնդեսերունդ ձգտել է ինքնակատարելագործվել և իր ավանդը ներդնել պետությունների և ազգերի խաղաղ երկխոսության և խաղաղ մրցակցության գործում: Փոխվում է աշխարհը, փոխվում են նաև խնդիրները, սակայն սկզբունքները, որոնց շուրջ ձևավորվել է համաշխարհային օլիմպիական ընտանիքը և որոնք կորիզն են օլիմպիական գաղափարախոսության, նույնն են, և դրանք անցել են ժամանակի ամենադժվար փորձությունները: Ժամանակակից աշխարհի գլոբալիզացիոն պրոցեսներն իրենց հետ բերում են նաև նոր խնդիրներ: Մասնավորապես, փոքր պետությունները, որոնք տնօրինում են ֆինանսական և նյութական սահմանափակ ռեսուրսներ, կարող են ետ մնալ ժամանակակից աշխարհի զարգացման միտումներից: Դա կանդրադառնա թե՛ մարզական ենթակառուցվածքների, թե՛ մարզիկների և մարզիչների պատրաստման խնդրի, թե՛ կրթական նոր ծրագրերի ներդրման վրա: Մենք պետք է կարողանանք գտնել պետության, մասնավոր բիզնեսի և միջազգային հանրության, այդ թվում՝ օլիմպիական ընտանիքի համագործակցության նոր մեխանիզմներ: Ասածս ավելի ակնառու է դառնում համաշխարհային տնտեսության այսօրվա դժվարությունների և անկայունությունների ֆոնին: Ձեզ բոլորիդ սիրով հրավիրում եմ ներկա գտնվել Երևանում նոր օլիմպիական ավանի բացմանը: Այն իր չափանիշներով համապատասխանում է ամենաբարձր պահանջներին: Բացառապես մասնավոր ներդրումներով կառուցված ավանը իսկապես մեծ խթան է դառնալու Հայաստանում սպորտի զարգացման համար: Ինչպես նաև, այն մեծ հնարավորություններ է տալիս արտերկրից մարզական պատվիրակությունների և հավաքականների ընդունման, համատեղ մարզումների համար: Հայաստանի բնակլիմայական պայմանները շատ հարմար են բազմաթիվ մարզաձևերի համար: Այնպես որ՝ բոլորիդ սիրով սպասում ենք և կհյուրընկալենք մեզ մոտ: Հաջորդ խնդիրը, որը ես ուզում եմ կարևորել, վերաբերում է մեր աշխատանքներին հատկապես երիտասարդության շրջանում: Սպորտի, առողջ ապրելակերպի գաղափարների և օլիմպիական արժեքների տարածմանը զուգահեռ, մենք պետք է միասնական և անզիջում պայքար մղենք երիտասարդների շրջանում խթանիչների և թմրանյութերի օգտագործման դեմ: Հապաղումը, խնդիրների վրա աչք փակելը ուղղակի կարող են անդառնալի կորուստների բերել: Մենք այստեղ լուրջ աշխատանք ունենք անելու, և կարծում եմ՝ որևէ պետություն չի կարող ինքնուրույն լուծել խնդիրները: Իհարկե,ՄՕԿ-ը և ազգային օլիմպիական կոմիտեները կատարում են լուրջ աշխատանք, բայց երբեք չի կարելի կանգ առնել: Այստեղ պետք է լուրջ համագործակցություն պետությունների և օլիմպիական կոմիտեների միջև, պետք են միասնական ծրագրեր: Պատերազմներով և հակամարտություններով լեցուն այսօրվա աշխարհում Օլիմպիական ընտանիքը պետք է դառնա ժողովուրդների խաղաղության, համերաշխության և փոխադարձ հարգանքի օազիս: Ինչպես գիտեք՝ անկախ բոլոր խոչընդոտներից, Հայաստանի օլիմպիական կոմիտեն որոշեց մասնակցել առաջին Եվրոպական օլիմպիական խաղերին: Ես սա համարում եմ ոչ միայն մեր ճիշտ որոշումը, այլև` եվրոպական օլիմպիական ընտանիքի հաղթանակը: Մեր պատվիրակությունը զգացել է բազմաթիվ պետությունների օլիմպիական կոմիտեների և մարզիկների մշտական աջակցությունը: Շնորհակալություն բոլորիդ, և հատուկ շնորհակալություն Պարոն Հիկկե Ձեզ` կատարած հսկայական աշխատանքի համար: Մեկ անգամ ևս ողջունում եմ ֆորումի մասնակիցներին` մաղթելով շահագրգիռ, անկաշկանդ քննարկումներ, և իհարկե՝ անմոռանալի օրեր Հայաստանում:»,-շեշտեց նախագահը:

Ողջույնի խոսքով հանդես եկան ԱՕԿԱ-ի նախագահ շեյխ Ահմադ Ալ-Ֆահադ Ալ Սաբահը և ԵՕԿ նախագահ Պատրիկ Հիկեն, ովքեր իրենց գոհունակությունը հատնեցին կազմակերպիչներին՝ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, միջոցառումները հավուր պատշաճի կազմակերպելու համար:

 

Այլ նորություններ