Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:
Մարտի 10-ին մրցագորգ էին դուրս եկել 61 կգ քաշային Վալոդյա Ֆրանգուլյանը և 74 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը:
Ֆրանգուլյանը մեկնարկային գոտեմարտում 10:0 հաշվով հաղթեց մոլդովացի Միհայի Եսանուին: 1/8 եզրափակիչում հայ ըմբիշը 0:5 հաշվով զիջեց աշխարհի գործող չեմպին, վրացի Վլադիմեր Խինչիգաշվիլուն: Վերջինս հասավ եզրափակիչ, ինչը Ֆրանգուլյանին հնարավորություն տվեց շարունակել պայքարը բրոնզե մեդալի համար: Սփոփիչ գոտեմարտում հայ ըմբիշի մրցակիցը մակեդոնացի Ջասին Ռեջալարին էր, ում Ֆրանգուլյանը հաղթեց 17:8 հաշվով: Բրոնզե մեդալի համար ըմբիշը կպայքարի ադրբեջանցի Հաջի Ալիևի հետ:
74 կգ քաշային Գրիգորյանը մեկնարկային գոտեմարտում 7:4 հաշվով հաղթեց մոլդովացի Եվգենի Նեդեալկոյին: Այնուհետև 1:12 հաշվով զիջեց թուրք Սոներ Դեմիրտասին, ով դուրս եկավ եզրափակիչ և Գրիգորյանը հնարավորություն ստացավ շարունակելու պայքարը: Սփոփիչ գոտեմարտում հայ ըմբիշը 0:10 հաշվով պարտվեց ռուս Զաուր Մակիևին:
Լուսանկարներն՝ այստեղ
Լատվիա, Ռիգա
ՀԱՕԿ լրատվության բաժին