Երևանում մեկնարկել է բասկետբոլի մարզչական սեմինար

18:35 - 15 Փետ, 2016

Երևանում մեկնարկել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի համատեղ ուժերով կազմակերպած բասկետբոլի մարզչական սեմինարը, որը վարում է սլովենացի փորձառու մասնագետ Տոնե Կրումպը: 

Սեմինարի առաջին օրը Կրումպը ծանոթացավ հայ մարզիչների հետ, լսեց նրանց մեկնաբանությունները և տվեց մի շարք հանձնարարություններ: Սլովենիայից ժամանած հյուրն ընդգծեց, որ վերջին տարիներին հայկական բասկետբոլում դրական տեղաշարժեր է նկատել:

«Ես շատ քիչ բան գիտեի Հայաստանի մասին, բայց նախքան այստեղ գալը ուսումնասիրեցի ձեր երկիրը և նկատեցի, որ բասկետբոլում աստիճանաբար ակտիվանում եք, մասնակցում եք Եվրոպայի տարբեր տարիքային առաջնությունների»,-ասել է Կրումպը:

Նախատեսված էր, որ սեմինարին մասնակցելու է 30 մասնագետ, սակայն ցանկացողների թիվը զգալիորեն շատ էր, ուստի Կրումպի հետ աշխատելու հնարավորություն ստացան 40 մարզիչ:

Փետրվարի 16-ից Տոնե Կրումպը մարզիչների հետ գործնական դասընթացներ կանցկացնի նաև «Միկա» մարզադահլիճում:

Դասընթացներն ավարտվելու են փետրվարի 20-ին:

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ