ՄՈՍԿՎԱ – 80․ ՅՈՒՐԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ

11:16 - 21 Հուլ, 2020

Ծնվել է 1956թ., Գյումրիում : Օլիմպիական խաղերի ոսկե դափնեկիր է, աշխարհի յոթակի, Եվրոպայի հնգակի, ԽՍՀՄ քառակի չեմպիոն է, համաշխարհային 43 ռեկորդի հեղինակ է և ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ:

Վեց տարեկան էր տղան, երբ ՀՀ չեմպիոն հորեղբոր՝ ծանրորդ Սերգեյ Վարդանյանի  հետ հաղթահարեց 4090 մ. բարձրությամբ Արագածի գագաթը, իսկ 14 տարեկանում դարձավ նրա սաներից մեկը։ Արտաքին կառուցվածքով ավելի շատ աթլետի էր նմանվում: Շատերին էր զարմացնում մարզական որակներով: Ասենք թե ինչու: Տեղից հեռացատկում էր 3մ. 35սմ.: Վազորդներին հաղթում էր արագավազքի 30մ. տարածությունում: Բարձրացատկում էր հաջորդաբար 208, 210, 212 սմ: Նման արդյունքներին կնախանձեր ցանկացած աթլետ: Էլ չենք ասում, որ 1973-ին Յուրի Վարդանյանը  վարպետության թեկնածուի կարգ  լրացրեց  վոլեյբոլից և համալրեց այդ մարզաձևի  հանրապետության երիտասարդական հավաքականը: 

Յուրի Վարդանյան ծանրորդի փառքի գագաթնակետը հանդիսացավ 1980թ. Մոսկվայի օլիմպիական խաղերը : 82,5 կգ քաշային կարգի ծանրորդների պայքարում համաշխարհային հինգ ռեկորդ սահմանելով գրավեց առաջին տեղը, պարգևատրվեց օլիմպիական չեմպիոնի ոսկե մեդալով և  իր քաշային կարգում առաջինը հասավ 400 կգ –ի սահմանին: Այդ  ելույթից անմիջապես հետո անելանելի վիճակում հայտնվեց Յուրիի ոչ պակաս հռչակավոր թիմակից Դավիթ Ռիգերտը: Նա հայսպորտպետկոմի այն ժամանակվա ծանրամարտի պետական մարզիչ Արսեն Գալոյանին մտերմաբար կշտամբեց. << Յուրայի մրցելույթից հետո ես ինչ պիտի անեմ , ինչ կիլոգրամներ բարձրացնեմ , նա ինձ կործանեց  >>: Ռիգերտը ճիշտ էր, որովհետև  մեր մարզիկը  անհասանելի էր դարձել նաև 90 կգ և 100 կգ քաշային կարգերում   չեմպիոն դարձածների համար:

 

Ծանրահարթակի մեծանուն վարպետը յոթ տարի անընդմեջ իր արժանի տեղն է ունեցել ԽՍՀՄ 10 լավագույն մարզիկների շարքում: Ասածի կարևորությունը նշանավորելու համար ասենք,  որ ԽՍՀՄ մեծանուն շախմատիստ Անատոլի Կարպովը նման պատվի արժանացել է` վեց, գեղասահորդուհի Իրինա Ռոդնինան` հինգ անգամ և այլն: Այժմ արդեն կարելի է պատկերացնել,  թե Յուրայի համար որքան դժվար է եղել տարիներ շարունակ անթերի մարզավիճակում լինել և մնալ  առաջատար:

Ռեկորդների առումով նա նույնպես   տարբերվում է մյուսներից: Համաշխարհային բարձրագույն նվաճումների քանակով / 79 ռեկորդ / խորհրդային գերծանրքաշային Վասիլի Ալեքսեևն է առաջատարը, մանավանդ, որ նրա երկարամյա  մարզական կենսագրության տարիների զգալի մաս է կազմել  եռամարտը / պոկում , հրում , ձգում վարժություններ / : Այդքանով հանդերձ նա հիմնականում կեսական / 0, 5 կգ / կիլոգրամներով է ավելացրել բարձրագույն նվաճումները: Իսկ մեր հայրենակիցը կիլոգրամներով է նշանավորել  իր ռեկորդները, այն էլ `  երկամարտում / ձգում վարժությունը ծրագրից հանվել է /: Հիշենք թեկուզ մոսկովյան խաղերը կամ 1984 –ին կայացած << Դրուժբա – 84  >> –ը  և ասածը լիովին ընկալելի կդառնա: Հիշենք 20 –րդ դարի լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Պելեի խոսքը: Նա  մի առիթով ասել է, թե մրցակիցը Բրազիլիայի հավաքականի դարպասը կգրավի  այնքան անգամ, որքան կարողանա, իսկ իրենք` բրազիլացիները, որքան ուզենան: Հեղինակավոր ֆուտբոլիստի խոսքերը  չի կրկնել 20-րդ դարի լավագույն ծանրորդը: Նա գործով է իրենն արել. մրցակիցները  հաղթահարել են այնքան կիլոգրամներ, որքան կարողացել են, իսկ Վարդանյանը ` որքան ցանկացել է: Այո՛, որքան ցանկացել է:

 

1981թ. Նովոռոսիյսկ, ԽՍՀՄ ծանրամարտի առաջնություն: 82,5 կգ քաշային կարգում  համաշխարհային ծանրամարտի առաջատար Յու. Վարդանյանը հայրենակիցների հետ ճաշում է: Մրցումային քաշը պահելու համար գյումրեցու ափսեում  մի փոքրիկ մսակտոր է լինում: Մոտենում է ծանրահարթակի ևս մեկ աստղ. 90 կգ քաշային կարգում բոլոր բարձունքները նվաճած, ռուսաստանցի Յուրի Զախարևիչը և ասում, թե  <<  ինչու՞ ես սովի մատնվում,  Յուրա, ախորժակով կեր, կշտացիր և այս մրցումներում քաշդ ավելացրու, իմ մրցակիցը դարձիր ,>> : Յուրան ժպտում է, գլխով համաձայնության նշան տալիս: Հաջորդ օրը, կանոնակարգով,  մրցահարթակը տրամադրվում է մարզաձևի թագակիր Յուրիներին ու մյուս մրցակիցներին: Եվ կրկին համաշխարհային նոր ռեկորդներ սահմանելով, այս անգամ արդեն 90կգ քաշայինների նվաճումների ցանկում, մեր անզուգական վարպետը երկամարտի 402,5 կգ / 182,5կգ + 220կգ / արդյունքով վստահորեն գրավում է առաջին տեղը և պարգևատրվում չեմպիոնի ոսկե մեդալով: Ի դեպ, Յուրան չորս անգամ է թարմացնում համաշխարհային բարձրագույն նվաճումը: Բանն այն է, որ նա հրումում իր կամքին ենթարկեց նաև 224 կգ ծանրաձողը: Քանի որ դա կատարվեց չորրորդ մոտեցմամբ, որն այն ժամանակ թույլատրվում էր, բայց լրացուցիչ մոտեցման կիլոգրամները չէին հաշվվում, ուստի ավելացրած չորս կիլոգրամը չգումարվեց չեմպիոնական երկամարտին: Իսկ երկրորդ տեղին անսովոր Զախարևիչն իր կամքին հակառակ խոստովանեց. <<  Ինչ հիմարն եմ , ինքս ինձ զրկեցի ոսկե մեդալից ու հայտնվեցի երկրորդ տեղում: Այո, անկարելի  է Վարդանյանին հաղթել. . .  >>:

 

Չեմպիոնը խելահեղ ժողովրդականություն էր վայելում Հայաստանում, Խորհրդային Միությունում և նրա սահմաններից դուրս: Գնահատելով գյումրեցու սանձած ծանր կիլոգրամները, մարդիկ հմայվում էին նրա կատարումներով, որոնք ընթանում էին նրա մարմնի գեղեցիկ  մկանախմբերի յուրատեսակ խաղքերով և դեմքը ողողող վարդանյանական ժպիտով: Նա մոսկովյան խաղերի զարդը հանդիսացավ և հայորդու  հաղթանակի  պատվին ԲԿՄԱ –ի մարզական փառքի պուրակում տեղադրվեց մեր ծանրորդի  կիսանդրին:

 

Այն տարիներին ամենուրեք գովաբանում էին ծանրամարտի հայաստանյան դպրոցը: 1991թ. մարզաձեւի միջազգային ֆեդերացիան տոնեց աշխարհի առաջնությունների անցկացման 100-ամյա հոբելյանը: Ֆեդերացիայի  << Ծանր աթլետիկա >>  հանդեսը տպագրեց աշխարհի չեմպիոնի պատվին ամենաշատն արժանացած հերկուլեսների ցուցակը: Բոլորից շատ` 26 ոսկի է նվաճել Յուրի Վարդանյանը, ով գլխավորում է նախորդ հարյուրամյակի լավագույն ծանրորդների  տասնյակը: Դարի ընթացքում խաղարկվել է 1540 ոսկե պարգեւ, որոնց արժանացել է 472 ծանրորդ: Յուրայից հետո երկրորդն է ճանաչվել նշանավոր Վասիլի Ալեքսեեւը` 24, ապա բուլղարացի Յանկո Ռուսեւը` 19 … Յուրի Վարդանյանին է պատկանում նաև  տասնամյակի աշխարհի չեմպիոնի տիտղոսը  / հաշվի են առել նրա հաջողությունները 1977- 87թթ. աշխարհի առաջնություններում/:

Յուրի Վարդանյանի հաղթանակների շնորհիվ շատերն են վերադարձել հայկական արմատներին: Վարդանյանական առասպելները միահյուսվել են ժողովրդական բանահյուսությանը եւ դարձել մեր սեփականությունը:

Ավաղ, երկար չապրեց մրցահարթակի հանճարեղ վարպետը։  Երկարատև, ծանր հիվանդությունից հետո, 2018թ․ նոյեմբերի  1-ին նա կնքեց իր մահկանացուն և հուղարկավորվեց  Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում։

 

 

 

 

Այլ նորություններ