Ծանրամարտում լավ հերթափոխ կա. Փաշիկ Ալավերդյան

09:52 - 21 Դեկ, 2015

Ծանրամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ և ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ամփոփեց անցնող տարին և խոսեց 2016 թվականի Եվրոպայի առաջնության մասին:

-Պարոն Ալավերդյան, ամփոփելով 2015 թվականը, ինչպիսի՞ գնահատական կտաք նրան, որպես Ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար

-Արդեն անցնող տարում հայ ծանրորդները նվաճել են 60 մեդալ՝ Եվրոպայի և աշխարհի առաջնություններից: Ընդհանուր առմամբ, մենք շատ քիչ ենք մասնակցում միջազգային մրցաշարերի, եթե անգամ մասնակցում ենք, ապա մեկ կամ երկու մարզիկ: Այս տարվա նվաճած մեդալների առյուծի բաժինը նվաճել են երիտասարդները և պատանիները: Ծանրամարտում լավ հերթափոխ կա: Մենք մեծ սպասելիքներ ունենք երիտասարդներից: Աշխատանքն իսկապես ահռելի է թե ֆեդերացիայում և թե մարզադպրոցներում: Այս տարի լավ աշխատանք կա կատարված:

-Եթե համեմատենք նախորդ տարիների հետ,  ապա մեդալների քանակով ինչպիսի՞ տարի էր 2015-ը:

-Նախորդ մի քանի տարիների ընթացում մենք ունեցել են 40-45 մեդալ ամբողջ տարվա ընթացքում: Սակայն 2008-ին, 2010 թվականին  մեզ հաջողվել է նվաճել մինչև անգամ 80  մեդալ: Այս տարվա 60 մեդալը ոչ ռեկորդ է, ոչ էլ ցավալի արդյունք: Ծանրամարտի համար արդեն սովորական դարձած քանակ է:

-Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանը նվաճեց մեկ ոսկե և երկու արծաթե մեդալ, իսկ աշխարհի երիտասարդական առաջնությունում ունեինք միայն մեկ ոսկե մեդալ: Ինչպիսի՞ գնահատական կտաք մեր ծանրորդների ելույթներին:

-Պատանեկան Օլիմպիական խաղերից հետո Սիմոն Մարտիրոսյանի մոտ հոգեբանական ճնշում կար, գուցե դա նրանից էր, որ ժամանակից շուտ մասնակցեց մեծահասակների առաջնություններին: Նրա համար ծանր էր: Սակայն հետագայում նրան հաջովեց վերականգնվել և տեսանք որ աշխարհի առաջնությունում փոքր բրոնզե մեդալ նվաճեց: Ռիոյի Օլիմպիական խաղերից առաջ առաջնությունների մասնակցությունը միանշանակ քայլ առաջ է:

-Ծանրամարտի կանանց հավաքականն աշխարհի առաջնությունից վերադարձավ երկու ուղեգրով: Ի՞նչ կասեք այդ մասին:

-Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականն այս պահի դրությամբ ոչ լավ մարզավիճակում է: Ամեն դեպքում կարողացան իրենց մեջ ուժ գտնել, հավաքական կազմել շնորհիվ գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյան, ինչպես նաև Արման Ղազարյանի և մյուսների, ովքեր աշխատում են աղջիկների հետ: Նրանց հաջողվեց հաստատել նախորդ տարի ձեռք բերած 2 ուղեգրերը: Սակայն չեմ կարող ասել, որ Օլիմպիական խաղերում նրանցից մեծ ակնկալիքներ կունենանք:

-Արդյո՞ք Եվրոպայի առաջնությունում փորձարկումներ կլինեն, թե՞ կմասնակցենք ուժեղագույն կազմով:

-Հայաստանի առաջնությունից հետո տղամարդկանց հավաքականը 8, իսկ կանանց թիմը՝ 4-5 մարզիկով կմասնակցի Եվրոպայի առաջնությանը: Հենց Եվրոպայի առաջնությունից հետո ինչ-որ չափով հայտնի կլինի, թե ովքեր կլինեն այն 5 մարզիկներն, ովքեր կմասնակցեն Օլիմպիական խաղերին: Սակայն մի խնդրի առաջ ենք կանգնած: Այն մարզիկներն, ովքեր նոր պետք է մասնակցեն Եվրոպայի առաջնությանը նրանք չեն կարող մասնակցել Օլիմպիական խաղերին: Քանի որ 2 տարվա ընթացքում ծանրորդը պետք է մասնակցի երկու օլիմպիական վարկանիշային մրցաշարի: Օրինակ՝ Տիգրան Մարտիրոսյանն պետք է անպայման մասնակցի Եվրոպայի առաջնությանը:

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ