Տեղի ունեցավ Վլադիմիր Ենգիբարյանի անվան մարզադպրոցի հիմնադրման 60-ամյակին նվիրված միջոցառումը

00:54 - 29 Նոյ, 2019

«Մոսկվա» կինոթատրոնի դահլիճում նոյեմբերի 28-ին տեղի ունեցավ օլիմպիական չեմպիոն, բռնցքամարտի Եվրոպայի եռակի չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանի անվան Օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի հիմնադրման 60-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումը, որին մասնակցում էին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը, ՀԱՕԿ նախագահի խորհրդական Արմեն Գրիգորյանը, անվանի բռնցքամարտիկներ, մարզիկներ և մարզիչներ։ Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկավ ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը.

«Այս դպրոցը մեծ դերակատարում է ունեցել ոչ միայն սպորտային առումով։ Այս դպրոցից են դուրս եկել բազմաթիվ պետական և քաղաքական գործիչներ, որոնք բարձր են պահել Հայաստանի պատիվը։ Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ նոր սերնդին մաղթել, որ այս տարիների ընթացքում ստեղծածը պահպանվի, մարզաձևը զարգանա դպրոցում և արժանի լինի Վլադիմիր Ենգիբարյանի անվանը։ Լիահույս եմ, որ Տոկիոյի Օլիմպիական խաղերում կունենանք նոր Վլադիմիր Ենգիբարյան»,- ասաց Հրաչյա Ռոստոմյանը։

Դպրոցի տնօրեն Սամվել Գասպարյանը ՀԱՕԿ-ի կողմից պարգևատրվեց օլիմպիական շղթայով: Վլադիմիր Ենգիբարյան ոսկե մեդալով պարգևատրվեցին բռնցքամարտի աշխարհի մի շարք ներկայացուցիչներ։

Վլադիմիր Ենգիբարյանի անվան օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի հիմնադրամն 60-ամյակի հուշամեդալով պարգևատրվեցին նաև ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, ՀԱՕԿ նախագահի խորհրդական Արմեն Գրիգորյանը և մարզաշխարհի այլ ներկայացուցիչներ։

Լուսանկարներն՝ այստեղ։

Այլ նորություններ