Հայաստանի պատանեկան հավաքականի մարզիչը Լոս Անջելեսում փորձարկել է 25 հայ բասկետբոլիստների

14:45 - 23 Սեպ, 2019

Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Զորիկ Իսաջանին Լոս Անջելեսում մարզում է անցկացրել` փորձարկելով շուրջ 25 հայ բասկետբոլիստների:

«Մարզումը կայացավ «Մասիս» մարզասրահում և մասնակցեցին 25 տղաներ, որոնց դիտարկում ենք որպես պատանեկան հավաքականի թեկնածուներ: Շատ մեծ ոգևորություն կար տղաների մոտ և բավական լավ մարզում անցկացրինք: Ներկա էին նաև բազմաթիվ ծնողներ: Վերջին տարիներին Հայաստանի պատանեկան հավաքականները կայուն կերպով մասնակցում են միջազգային մրցաշարերի, ինչի արդյունքում արդեն շատերն են ցանկանում իրենց դրսևորել ազգային թիմերում: Սա շատ կարևոր տարիք է, քանի որ այս երեխաներն են լինելու հայկական բասկետբոլի ապագան:
Կուզեմ նշել, որ պատանեկան հավաքականի դռները բաց են բոլորի առաջ: Նույն ուշադրությամբ հետևելու ենք նաև Հայաստանում, Ռուսաստանում և այլ երկրներում հանդես եկող տղաներին, որ ընտրենք լավագույններին: Գալիք տարվա ամռանը կայանալիք Եվրոպայի առաջնությունում պետք է հանդես գան լավագույն 12 խաղացողները, իսկ նրանք, ովքեր չեն հայտնվի վերջնական հայտացուցակում, պետք է չընկճվեն, քանի որ հետագայում դեռ շանս կունենան հայտնվել ազգային թիմում:

Աշխատանքները շարունակվում են և աստիճանաբար կհասկանանք, թե ովքեր են լինելու հավաքականի հայտացուցակում»,- ՀԲՖ մամուլի ծառայության հետ զրույցում նշել է Զորիկ Իսաջանին:

Հիշեցնենք, որ Իսաջանիի գլխավորությամբ Հայաստանի թիմը կպատրաստվի 2020 թվականի ամռանը կայանալիք Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը:

Այլ նորություններ