Լևոն Արոնյանը՝ Սենթ Լուիսի սուպերմրցաշարի հաղթող

14:12 - 15 Օգո, 2019

Լևոն Արոնյանը դարձավ ԱՄՆ-ի Սենթ Լուիսում ավարտված Grand Chess Tour-ի հերթական խաղարկության հաղթող:

Այստեղ շախմատիստները միմյանց հետ մրցում էին արագ և կայծակնային շախմատի կանոններով: Երեկ տեղի ունեցան բլից մրցաշարի վերջին 9 տուրերը:

Արոնյանը առաջին պարտիայում սևերով զիջեց Սերգեյ Կարյակինին (Ռուսաստան), հաջորդում՝ սպիտակներով հաղթեց ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին, դրանից հետո սևերով պարտության մատնեց չինացի Դին Լիժենին:

Հաջորդ 3 տուրերում Արոնյանը ոչ-ոքի խաղաց Ֆաբիանո Կարուանայի, Յու Յանյիի և Լինիեր Դոմինգեսի հետ, հետո սևերով պարտության մատնեց հունգարացի Ռիչարդ Ռապորտին, ոչ-ոքի խաղաց Մագնուս Կարլսենի հետ: Վերջին պարտիայից առաջ Արոնյանն ուներ 22 միավոր, Յու Յանյին՝ 21, Վաշյե-Լագրավն ու Դին Լիժենը 20.5-ական միավոր:

Վերջին պարտիայում Լևոնը սպիտակներով պարտվեց Վաշյե  Լարգավին, իսկ Յու Յանյին ոչ-ոքի խաղաց Մամեդյարովի հետ: Լևոն Արոնյանը բլից մրցաշարում վաստակեց 9 միավոր և Կարլսենի հետ միասին բաժանեց 4-5-րդ տեղերը, իսկ երկու մրցաշարերի գումարային արդյունքով վաստակեց 22 միավոր և ճանաչվեց Սենթ Լուիսի մրցաշարի հաղթող: Այս հաղթանակից հետո Արոնյանը վաստակեց 37 500 ԱՄՆ դոլար:

Այլ նորություններ