Ռաֆիկ Հարությունյան. Գոհ եմ ցուցադրածս արդյունքներից

22:24 - 10 Ապր, 2019

Հայաստանի ներկայացուցիչ Ռաֆիկ Հարությունյանը Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 81 կգ քաշային կարգում 8-րդ տեղը գրավելուց հետո ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում կիսվեց տպավորություններով:

18-ամյա ծանրորդը երկամարտում գրանցել էր 344 կգ (150+194) արդյունք եւ նորամուտը նշել մեծահասակների պայքարում: Հրում վարժությունում Հարությունյանը 194 կգ արդյունքով չորրորդն էր եւ սահմանեց Եվրոպայի երիտասարդական (Մ-20) ռեկորդ:

«Գոհ եմ ցուցադրածս արդյունքներից, առաջին անգամ էի մասնակցում մեծահասակների առաջնությանը: Հիմնական ելույթիցս գոհ եմ, բայց կարծում եմ, որ պոկում վարժությունում կարող էի բարձրացնել ավելի բարձր կիլոգրամներ: Հրում վարժությունում օգտագործեցի առավելագույն հնարավորություններս: 4 կիլոգրամով բարելավել եմ արդյունքս, սակայն չեմ բավարարվում այսքանով, զգում եմ, որ կարող եմ հասնել ավելիին:

2 ամսից կմասնակցեմ աշխարհի երիտասարդական առաջնությանը, որտեղ հանդես կգանք 3-4 ծանրորդով եւ կփորձենք վերադառնալ ամենաբարձր մեդալներով»,- նշեց Ռաֆիկ Հարությունյանը:

Հիշեցնենք, որ Ռաֆիկ Հարությունյանը Եվրոպայի ու աշխարհի առաջնությունների մեդալակիր է պատանիների եւ երիտասարդների տարիքային խմբերում:

Եվրոպայի առաջնության 81 կգ քաշային կարգում Հայաստանը պետք է ներկայացներ նաեւ Եվրոպայի 2016թ. չեմպիոն, 2015թ. աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների բրոնզե մեդալակիր Անդրանիկ Կարապետյանը, որը չկարողացավ քաշ գցել եւ զրկվեց մրցմանը մասնակցելու իրավունքից:

Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցիչներից պայքարն ավարտել են նաեւ Իզաբելլա Յայլյանը (59 կգ) եւ Արմեն Գրիգորյանը (73 կգ): Պոկում վարժությունում Յայլյանը նվաճել էր փոքր արծաթե մեդալ եւ 5-րդ տեղը գրավել երկամարտում, իսկ Արմեն Գրիգորյանը զբաղեցրել էր 9-րդ տեղը:

Հայաստանի հավաքականի կազմում Բաթումի են մեկնել նաեւ Լիաննա Գյուրջյանը (81 կգ), Տաթեւ Հակոբյանը (87 կգ), Արփինե Դալալյանը (+87 կգ), Հակոբ Մկրտչյանը եւ Դավիթ Հովհաննիսյանը (89 կգ), Արսեն Մարտիրոսյանը եւ Սամվել Գասպարյանը (102 կգ), աշխարհի չեմպիոն, օլիմպիական փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանն ու Ռուբեն Ալեքսանյանը (+109 կգ):

Այլ նորություններ