ԵԱ. Պայքարի մեջ է մտնում ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականը

22:36 - 07 Մար, 2019

Սերբիայի Նովի Սադ քաղաքում մարտի 8-ին կմեկնարկի ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունը, որին Հայաստանի երիտասարդական հավաքականը ներկայացել է 7 մարզիկով:

Մեկնարկային օրը պայքարի մեջ կմտնեն 57, 65, 70, 79, 97 կգ քաշային ըմբիշները, Հայաստանը կունենա 3 ներկայացուցիչ: Վաղինակ Մաթեւոյանը (57 կգ) պայքարը կսկսի քառորդ եզրափակիչից, իսկ Վազգեն Թեւանյանը (65 կգ) եւ Գեւորգ Մխեյանը (70 կգ)՝ 1/8 եզրափակիչից:

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ Նովի Սադում հանդես կգան նաեւ Հրաչյա Մարգարյանը (61 կգ), Խաչատուր Պապիկյանը (74 կգ), Հովհաննես Մխիթարյանը (86 կգ) եւ Սարգիս Հովսեփյանը (92 կգ):

Հիշեցնենք, որ հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը մեկ արծաթե մեդալով էր ավարտել ելույթը Եվրոպայի Մ-23 առաջնությունում: Արմեն Բաբալարյանի գլխավորած թիմի կազմում Եվրոպայի փոխչեմպիոն դարձավ 63 կգ քաշային Սլավիկ Գալստյանը: Հայ ըմբիշը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից եւ բելառուս Ալեքսանդր Պեչուրենկայի (9:0), թուրք Աբդուլահ Տոպրակի (10:1) ու ուկրաինացի Ալեքսանդր Հրյուշինի (13:4) նկատմամբ վստահ հաղթանակներից հետո դուրս էր եկել եզրափակիչ: Ոսկե մեդալը Սլավիկ Գալստյանը վիճարկել էր վրացի Լեւանի Կավյարադաձեի հետ եւ լարված պայքարում պարտվել 8։10 հաշվով։ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի (UWW) մամուլի ծառայությունն այդ գոտեմարտը որակել է «թրիլերային»: Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Նորայր Հախոյանը (55 կգ), Արմեն Մելիքյանը (60 կգ), Հրանտ Կալաչյանը (72 կգ) եւ Դավիթ Օվասապյանը (130 կգ) հաղթանակով մեկնարկելուց հետո պարտություն էին կրել երկրորդ գոտեմարտերում: Հրանտ Կալաչյանին ու Դավիթ Օվասապյանին հաղթած ըմբիշները նվաճել էին եզրափակիչի ուղեգիր, ինչից հետո Հայաստանի ներկայացուցիչները հնարավորություն էին ստացել պայքարել բրոնզե մեդալի համար, սակայն պարտություն էին կրել սփոփիչ գոտեմարտերում:

Այլ նորություններ