Լիլիթ Պողոսյան. Հրավերը Դանիա մարզական կարիերայիս ամենամեծ նվերն էր

16:44 - 20 Դեկ, 2017

Հայաստանի առաջատար բադմինտոնիստ Լիլիթ Պողոսյանն օրերս է վերադարձել Դանիայից, որտեղ մասնակցում է եվրոպական կոնֆեդերացիայի «Centre of Excellence» ծրագրին: Պողոսյանի խոսքով՝ 2017 թվականն իր մարզական կարիերայում մեծ ձեռքբերումների տարի էր: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Լիլիթը պատմեց իր հաջողությունների եւ առաջիկա ծրագրերի մասին.

«Ընթացիկ տարին լի էր դրական զարգացումներով: 2017-ը սկսեցի միջազգային մրցաշարերով: Հետո բադմինտոնի Եվրոպայի կոնֆեդերացիայից հրավեր ստացա՝ «Centre of Excellence» ծրագրի շրջանակներում մասնակցելու եռամյա ուսումնամարզական հավաքի: Դա իմ սպորտային կարիերայի ամենամեծ նվերն էր:

Ապրիլին մասնակցեցի Եվրոպայի առաջնությանը: Անկեղծ ասած, չէի սպասում, որ կկարողանամ որակավորում ստանալ, քանի որ մինչ այդ վատ էի հանդես եկել: Աշխարհամասի առաջնությունից հետո մասնակցեցի «Centre of Excellence»-ի երկրորդ փուլին, հասկացա, որ կարող եմ եւ ուզում եմ մարզվել Դանիայում:

Սեպտեմբերի 1-ից տեղափոխվեցի ու ամսվա վերջին էլ հաղթեցի իմ առաջին մրցաշարում: Դանիացիների հետ էի մրցում, նրանք աշխարհում լավագույններից են, եւ չէի էլ ակնկալում որ կդառնամ հաղթող: Որոշ ժամանակ անց հրավեր ստացա դանիական «Թոստղուփ էլիտ բադիմինտոն» ակումբից ու հիմա այնտեղ եմ հանդես գալիս: Ակումբի կազմում իմ բոլոր մենախաղերում հաղթել եմ, ինչը բավականին լավ արդյունք է:

Դանիայում օրը երկուսից երեք անգամ մարզվում ենք: Այնտեղ ամբողջովին կենտրոնացած եմ սպորտի վրա: Իմ առօրյան բադմինտոնն է: Այս ամենից հետո պարզապես չէի կարող լավ արդյունք չունենալ: Հայաստանում մարզվում էի ասիական ոճով, որտեղ շեշտը դրված է ֆիզիկականի, տոկունության վրա: Իսկ Դանիայում մարզվում եմ եվրոպական ոճով: Այնտեղ ուշադրությունն ավելի շատ տեխնիկայի վրա է: Հիմա ինձ մոտ երկուսը միաձուլվել են:

Հույս ունեմ, որ հաջորդ տարի ավելի լավ հանդես կգամ, քայլ առ քայլ առաջ կգնամ եւ ի վերջո կհասնեմ նպատակիս՝ ձեռք բերել օլիմպիական խաղերի ուղեգիր»,- ասաց Լիլիթ Պողոսյանը:

Հայ բադմինտոնիստը մի քանի օր առաջ պայմանագիր ստորագրեց հագուստի ճապոնական ապրանքանիշի հետ: Հաջորդ տարվանից Լիլիթը հանդես կգա «Kawasaki» մարզահագուստով.

«Այս ապրանքանիշը եվրոպական շուկայում  նոր է: Նրանք խաղացողներ էին փնտրում հովանավորելու համար, բարեբախտաբար ես դարձա նրանցից մեկը:

Հաջորդ տարի յուրաքանչյուր ամիս մեկ մրցում եմ ունենալու: Առաջին երեք մրցաշարերում հաջող հանդես գալու դեպքում կորակավորվեմ Եվրոպայի առաջնության համար»,- նշեց Պողոսյանը:

Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու համար վարկանիշային աղյուսակում Լիլիթը պետք է լինի հարյուր լավագույնի մեջ (յուրաքանչյուր երկրից ընտրվում է երկու մարզիկ): Այժմ նա 428-րդ է: Մինչեւ Տոկիո 2020-ը հայ բադմիտոնիստը բավականին ժամանակ ունի միավորներ հավաքելու համար:

 

Լուսանկարները՝ Լիլիթ Պողոսյանի անձնական արխիվից

Այլ նորություններ