Մանուել Պետրոսյան. Շնորհակալ եմ բոլորին օգնության եւ աջակցության համար

16:39 - 28 Նոյ, 2017

Այսօր լրագրողների հետ հանդիպեցին շախմատի մինչեւ 20 տարեկանների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Մանուել Պետրոսյանը եւ մրցաշարում հայկական պատվիրակության ղեկավար, մարզիչ Արսեն Եղիազարյանը:

Արսեն Եղիազարյան. «Մինչեւ 20 տարեկանների աշխարհի առաջնությունը շատ լուրջ մրցաշար է: Հաղթողը միանգամից միջազգային գրոսմայստերի կոչում եւ աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր է ստանում: Այդ պատճառով հանդես են գալիս բոլոր ուժեղագույն երիտասարդ շախմատիստները:

Բացի Մանուել Պետրոսյանից, մրցաշարին մասնակցեցին Հայկ Մարտիրոսյանը, Տիգրան Հարությունյանը եւ Սիրանուշ Ղուկասյանը: Հայաստանի շախմատի ֆեդերացիան Ծաղկաձորում մեզ համար ուսումնամարզական հավաք էր կազմակերպել, ինչի շնորհիվ կարողացել էինք առաջնությանը լավ պատրաստվել:

Մանուելի մեկնարկն այնքան էլ հաջող չէր, բայց վերջում լավացրեց խաղի որակը եւ որոշիչ պարտիաներում կարողացավ հաղթել երկու ուժեղագույն մրցակիցների, այդ թվում վերջին տուրում չեմպիոնության գլխավոր հավակնորդներից մեկին, այն էլ սեւ խաղաքարերով:

Կարծում եմ, Մանուելն արժանիորեն զբաղեցրեց երկրորդ տեղը: Ինչ վերաբերում է առաջին տեղի համար պայքարին, նորվեգացի Արի Տարյանը լավ էր մեկնարկել եւ վերջում մի քանի ոչ-ոքիներով նվաճեց չեմպիոնական տիտղոսը:

Մեր մյուս շախմատիստներն այնքան էլ հաջող հանդես չեկան: Հայկ Մարտիրոսյանը դեռ 17 տարեկան է եւ ապագայում անպայման մեդալ կնվաճի այս առաջնությունում: Նա կարողացավ բարելավել իր անհատական վարկանիշը, ինչն արդեն իսկ լավ է: Տիգրանն ու Սիրանուշը տարբեր հանգամանքներով պայմանավորված, իրենց հնարավորություններից ցածր հանդես եկան: Տիգրանը թույլ մեկնարկից հետո վերջում ավելացրեց, իսկ Սիրանուշը վաստակեց միավորների 50 տոկոսը:

Կցանկանայի նշել ,որ Մանուելի անձնական մարզիչ Արման Փաշիկյանը բացակայում էր, սակայն Մանուելն ու նա համացանցով կապ էին պահպանում, ինչը նպաստեց Մանուելի հաջող ելույթին: Խորհուրդներով Մանուելին օգնում էր նաեւ Լեւոն Արոնյանը, չնայած մեր առաջատար գրոսմայստերն այդ օրերին մասնակցում էր ՖԻԴԵ-ի Գրան Պրիի խաղարկության փուլին:

Մանուել Պետրոսյան. «Ես իրոք անհաջող մեկնարկեցի, այնուհետեւ սկսեցի ավելի լավ խաղալ: Կարծում եմ վերջում, մյուս մասնակիցների համեմատ ուժերս ավելի էին ներում պայքարելու մրցանակային տեղի համար: Մրցակիցներս շատ էին հոգնել, անվստահ էին գործում եւ սխալներ թույլ տալիս: Վերջին պարտիայում մրցակիցս տրամադրված էր միայն հաղթանակի, ռիսկային էր գործում, բայց մենք լավ էինք նախապատրաստվել, եւ ինձ հաջողվեց հասնել որոշիչ առավելության: Շատ միավորներ էի հավաքել, բայց առաջին տեղի համար բավարար չեղավ:

Ֆիզիկապես ինձ հրաշալի էի զգում, ինչի համար շնորհակալ եմ ֆիզիկական պատրաստության մարզչիս՝ Վահան Նիկոլյանին: Տասնինը տարեկան եմ եւ դեռ կհասցնեմ եւս մեկ անգամ հանդես գալ աշխարհի մինչեւ 20 տարեկանների առաջնությունում: Ճիշտ եզրակացություններ կանեմ եւ կշարունակեմ աշխատել: Օգնության եւ աջակցության համար երախտապարտ եմ Արսեն Եղիազարյանին, Արման Փաշիկյանին եւ Լեւոն Արոնյանին: Նրանց խորհուրդներն ինձ շատ օգնեցին: Այս տարի սա իմ վերջին մրցաշարն էր, կպատրաստվեմ հաջորդ տարվա մրցաշարերին»:

Այլ նորություններ